Շվեդ հետաքննող լրագրող Ռասմուս Քանբյոքը շվեդական Blankspot պարբերականում լրագրողական հետաքննություն է հրապարակել։ Նա բացահայտել է, որ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցություններ էին սկսվելու, Ստոկհոլմում գործող շահույթ չհետապնդող մի կազմակերպություն՝ Անվտանգության եւ զարգացման քաղաքականության գիտահետազոտական ինստիտուտը (ISDP), որը խորհրդատվական ծառայություն է մատուցել Շվեդիայի արտաքին գործերի նախարարությանը, միաժամանակ գաղտնի գումար է ստացել Ադրբեջանի կառավարությունից: Հետաքննող լրագրողը դա համեմատել է մի իրավիճակի հետ, երբ, օրինակ, ռուսական «Գազպրոմ»-ի ֆինանսավորած X կազմակերպությունն ուկրաինական պատերազմի վերաբերյալ «անաչառ» վերլուծականներ հրապարակի:
Անցյալ շաբաթ շվեդական Blankspot պարբերականը բացահայտեց, որ Շվեդիայի ԱԳՆ-ն 15 տարի շարունակ տարեկան 6-10 միլիոն շվեդական կրոն (600 հազարից -1 միլիոն ԱՄՆ դոլար) դրամաշնորհ է տրամադրել ISDP հետազոտական ինստիտուտին՝ տեղյակ լինելով Ադրբեջանի բռնապետական ռեժիմի հետ ինստիտուտի փոխտնօրեն Սվանտե Կորնելի կապերից:
Blankspot-ի մանրազնին հետաքննությունը ցույց է տվել, որ ISDP-ն խորհրդատվություն է ապահովել ԵԱՀԿ-ում Անն Լինդի նախագահության օրոք, երբ կազմակերպությունը 2020-ի պատերազմից հետո վերահսկում էր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ բանակցությունների մեկնարկը:
Ադրբեջանի հետ ISDP-ի սերտ հարաբերությունները լուսաբանվել են մեկ տասնամյակ շարունակ
Երբ Շվեդիան ստանձնեց ԵԱՀԿ նախագահությունը, Անն Լինդը հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կազմակերպության առաջնահերթություններից մեկն է լինելու: Դա նաեւ այն ոլորտն էր, որի ուսումնասիրությամբ հատկապես աչքի էր ընկնում շվեդական ISDP-ն: Միեւնույն ժամանակ Ադրբեջանի հետ ISDP-ի սերտ հարաբերություններն ավելի քան մեկ տասնամյակ անընդմեջ լուսաբանվել են լրատվամիջոցներում (մասնավորապես, սկանդինավյան «Aftonbladet» («Երեկոյան թերթ») պարբերականի՝ 2012-ի բացահայտումը, ըստ որի` Անվտանգության եւ զարգացման քաղաքականության գիտահետազոտական ինստիտուտն օգնել էր Թելիա Սոներային բռնապետական ռեժիմում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու կամ «Dagens Nyheter» («Օրվա նորություններ») պարբերականի` 2017-ի բացահայտումը, ըստ որի` ԱԳՆ ֆինանսավորմամբ գործող ինստիտուտի ղեկավարին քննադատեցին բռնապետական ռեժիմի հետ սերտ կապերի համար):
2021-ին ISDP-ին գումար հատկացնելու մասին որոշման փաստաթուղթը վկայում է, որ Շվեդիայի ԱԳՆ-ն չափազանց կարեւորել է ISDP-ի դերն այն նույն ժամանակահատվածում, երբ շեշտվում էր նաեւ Շվեդիայի դերը ԵԱՀԿ նախագահության կարգավիճակում:
2021-ին հետազոտական ինստիտուտը նվիրատվություններ է ստացել նաեւ ադրբեջանական շինարարական ընկերությունից, որն անմիջական կապ է ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիեւի ընտանեկան բիզնեսի հետ:
Բաքվից ֆինանսավորված TEAS-ը ձգտել է եվրոպական հավատարիմ քաղաքական գործիչների ցանց ստեղծելու
2015-2018 թվականների ընթացքում ISDP-ի տարեկան հաշվետվությունները վկայում են, որ կառույցը ֆինանսավորում է ստացել «Եվրոպական Ադրբեջանի հասարակություն» (TEAS) կազմակերպությունից: TEAS-ը, որն այլեւս գոյություն չունի, ֆինանսավորվել է Ադրբեջանի ռեժիմի կողմից եւ նպատակ է ունեցել ստեղծելու եվրոպական հավատարիմ քաղաքական գործիչների ցանց: Սկզբում այս ռազմավարությունը պտուղներ է տվել. օրինակ, այն ազդեցություն ունեցավ, երբ քվեարկեցին Եվրախորհրդի՝ Ադրբեջանին դատապարտելու որոշման դեմ, եւ մի քանի լրատվամիջոցների հրապարակումներ տեղնուտեղը ակնհայտ ադրբեջանամետ ուղղվածություն ստացան:
TEAS-ը Շվեդիայում հայտնի դարձավ, երբ 2010-ին խորհրդարանում իր տեղը կորցնելուց անմիջապես հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գորան Լինդբլադը (Moderate կուսակցությունից) աշխատանքի անցավ TEAS-ում: Նրա խնդիրն էր ազդեցություն գործել եվրոպական քաղաքականության իր նախկին գործընկերների վրա:
Այնուամենայնիվ, TEAS-ի կոռումպացված գործունեության մասին լուսաբանումներից հետո Ադրբեջանը 2018-ին փակեց կազմակերպությունը, եւ նույն տարում դադարեցվեց ISDP-ի ֆինանսավորումը:
Ըստ TEAS-ի գործունեության հետաքննողներից մեկի՝ գերմանացի ակտիվիստ Սաշա Դյուերկոպի՝ Ալիեւի կոռումպացված ռեժիմի հետ առնչություն ունենալը եւ նրանից գումար ստանալը վկայում են շահերի բախման մասին: «Ո՞վ կհավատա, որ կազմակերպությունից ֆինանսավորում ընդունողը նրանց ծրագրերը չի որդեգրի»,- ասում է Դյուերկոպը՝ ISDP-ին քննադատելով:
Նպատակը ղարաբաղյան հակամարտության պատմության սեփական վարկածը օրակարգ բերելն էր
TEAS-ը, որը գրանցված է եղել որպես ընկերություն, այլ ոչ թե բարեգործական կազմակերպություն, գործունեության սկզբից ի վեր իրականացրել է ագրեսիվ քաղաքականություն՝ ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության ադրբեջանական կողմի խեղաթյուրված պատմությունը: Դյուերկոպը նշել է, որ ISDP-ը հակամարտությունն ուսումնասիրելիս ենթադրաբար պետք է չեզոք դիրք գրավեր եւ պետական միավորից ֆինանսավորում չընդուներ: Դա նույնն է, թե «Գազպրոմից» գումար վերցնես՝ Ուկրաինայի պատերազմը վերլուծելու համար:
Նրանց նպատակը մեկն էր. օրակարգ բերել ղարաբաղյան հակամարտության պատմության սեփական վարկածը: ISDP-ը զուրկ էր վերլուծական մոտեցումներից եւ անտեսում էր Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրները:
TEAS-ը ներկայանում էր որպես «ադրբեջանցի ուսանողների, որն արտաքին աշխարհին տեղյակ էր պահում հակամարտության մասին»: Սակայն նրանք ամենեւին շարքային ուսանողներ չէին: TEAS-ը ղեկավարում էին Ադրբեջանի տխրահռչակ կոռումպացված նախարարի որդիները, որոնց ֆինանսավորում էր ռեժիմը: Ինչը չէին կարող բացահայտ ասել դիվանագետները, ասում էր TEAS-ը:
Մի կողմից դատապարտում է Ուկրաինա ռուսական ներխուժումը, մյուս կողմից անուղղակիորեն ողջունում Ադրբեջանի ուժի կիրառումը
Blankspot-ը կապվել է Շվեդիայի հայկական կազմակերպության՝ Հայ ազգային ասոցիացիայի հետ՝ այս զարգացումների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով: Ասոցիացիան նախագահ Կատրին Հակոբյանի բերանով հայտնեց, որ հիասթափված է Շվեդիայի կառավարությունից: Շատ լուրջ է, երբ ԱԳՆ-ն մի կողմից` դատապարտում է Ուկրաինա ռուսական ներխուժումը, մյուս կողմից` ֆինանսավորում մի հաստատության, որն անուղղակիորեն ողջունում է ուժի կիրառումը, մասնավորապես Ադրբեջանի բռնությունները Ղարաբաղի բնակիչների նկատմամբ: Նույնն արեց Սվանտե Կորնելը, երբ շնորհավորեց բռնապետ Իլհամ Ալիեւին, որը 2020-ի պատերազմում բռնությամբ նվաճեց Լեռնային Ղարաբաղի հարավային հատվածը եւ հայության էթնիկ զտում իրականացրեց:
Հակոբյանին անհանգստացնում է նաեւ, թե այդ շփումներն ինչպես կարող են ազդել հետպատերազմյան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վրա:
Իրականում այստեղ ակնառու է ԱԳՆ-ի եւ Անն Լինդի ակնհայտ պասիվությունն այդ հարցում. նրանք 2021-ին Շվեդիայի նախագահության ընթացքում այդպես էլ առանձնապես ոչինչ չձեռնարկեցին:
Ադրբեջանը պաշտոնապես հերքում է, որ պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական անձանց վրա հարձակումներ են եղել, սակայն իրավապաշտպան Human Rights Watch եւ Amnesty International կազմակերպությունները ներկայացրել ու դատապարտել են հենց նման գործողությունները:
Շահերի բախում Ադրբեջանից ֆինանսավորվող ISDP-ի եւ ԱԳՆ-ի միջեւ
Շվեդիայի ԱԳՆ-ն որոշել է ISDP-ին բազմամյա գործառնական (ֆինանսական) աջակցություն ցուցաբերել: Բազմամյա գործառնական (ֆինանսական) աջակցությունը հիմք է ընդունել կազմակերպության ռազմավարական ծրագիրը, որում նաեւ ակնկալվում է ուժեղացնել կատարողականի մոնիտորինգը: Արտաքին գործերի հանձնաժողովի մի քանի անդամներ քննադատել են ISDP-ի գործունեությունը, երբ Կառլ Բիլդտի նախարար եղած ժամանակ փոխնախագահ Սվանտե Կորնելը հանդես էր գալիս որպես Շվեդիայի ԱԳՆ-ի ավագ խորհրդատու:
Ինչպե՞ս է ISDP- ն նպաստում ԱԳՆ քաղաքականության մշակմանը եւ «բանակցային գործընթացներին»: Երբ պատասխանի համար Blankspot-ը դիմեց Շվեդիայի ԱԳՆ-ին, նրանք միայն համառոտ արձագանքեցին՝ ասելով, որ ԵԱՀԿ-ի նախագահության շրջանում ISDP-ի հետ համագործակցությունը սահմանափակ է եղել:
Ի հավելումն ISDP-ի ընթացիկ հաշվետվությունների՝ ԱԳՆ-ն հաշվի է առել Կենտրոնական Ասիայի վերաբերյալ նրանց վերլուծությունները: Ավելին` դրանք պատասխանում են այն հարցին, թե արդյոք կա շահերի բախում Ադրբեջանից ֆինանսավորվող ISDP-ի եւ արտգործնախարարության միջեւ, որը ISDP-ից խորհրդատվություն է ստանում: ԱԳՆ-ն այս հարցին երբեք չի պատասխանում:
Blankspot-ի՝ ԵԱՀԿ նախագահության ընթացքում ԱԳՆ-ի հետ հարաբերությունների դերի եւ TEAS-ից ստացած գումարի մասին հարցին ISDP-ի մամուլի պատասխանատու Աննա Ջարմուչը պատասխանել է. «Blankspot-ը թույլ է տալիս իրեն օգտագործել որպես կողմերից մեկի բարձրախոս զինված հակամարտության մեջ»:
ISDP-ի վերաբերյալ իր առաջին հոդվածից հետո Ռասմուս Քանբյոքը ենթարկվել է Ադրբեջանի պետական ներկայացուցիչների ոտնձգություններին, եւ նրան ընդգրկել են «սեւ ցուցակում»:
Անցած մեկ տարվա ընթացքում Քանբյոքը Շվեդիայի Blankspot պարբերականի համար իրականացրել է մի շարք ուշագրավ հետաքննություններ: Շվեդիայի կառավարության Ադրբեջանի հետ ունեցած կապերի, դրանց թվում՝ լրագրողների համար Ադրբեջանի կազմակերպած գործուղումների վերաբերյալ հետաքննությունը լրագրողի հերթական բացահայտումներից ընդամենը մեկն է: Առաջադեմ շվեդ լրագրող Ռասմուս Քանբյոքը հայ ընթերցողին հայտնի է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին «Ամեն օր ես դանդաղ մահանում եմ» գրքով:
Պատրաստեց Կարինե Դավոյանը