ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպմանը որեւէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։
Ըստ «Արմենպրես»-ի՝ ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ քննարկումների ընթացիկ օրակարգը քաջ հայտնի է: «Դրանք են՝ հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության բանակցությունների մեկնարկի համար մեր եւ Ադրբեջանի ներկայացրած կետերը, որոնք նույնպես հրապարակված են եւ ներառում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման թեման, գերիների վերադարձի եւ անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցեր, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն առնչվող հարցեր, սահմանագծման եւ սահմանազատման, ինչպես նաեւ սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի վերաբերյալ հարցեր: Սա նույն օրակարգն է, ինչ քննարկվել է նախորդ հանդիպումների ընթացքում»,- շեշտել է Գրիգորյանը:
ՀՀ ԱԽ քարտուղարը նշել է, որ տարածաշրջանային հաղորդակցության բացման հարցով եռակողմ աշխատանքային խումբ է գործում փոխվարչապետների համանախագահությամբ, եւ բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների քննարկումները պիտի շարունակվեն այդ ձեւաչափով: «Նույնը կարելի է ասել նաեւ մյուս հարցերի մասին, որոնք ավելի մանրամասն քննարկվում են աշխատանքային ֆորմատներով: Հետեւաբար որեւէ փաստաթղթի ստորագրում Բրյուսելում նախատեսված չէ: Ենթադրվում է, որ կլինի քննարկումների արդյունքների մասին հաղորդագրություն»,- ասել է Գրիգորյանը: