ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսն, անդրադառնալով Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիեւ բանակցություններին, հայտարարել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը:
«Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական եւ բարգավաճ ապագային աջակցելուն: Շարունակական երկխոսության կոչ ենք անում կողմերին եւ հորդորում ակտիվացնել իրենց դիվանագիտական փոխգործակցությունը, օգտագործել ուղղակի ներգրավման համար գոյություն ունեցող մեխանիզմները եւ ձգտել գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող եւ դրանից բխող բոլոր հիմնախնդիրների համար համապարփակ լուծումներ, ինչպես նաեւ կարգավորել իրենց հարաբերությունները համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման միջոցով»,- ընդգծել է Փրայսը։
Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցելու Հայաստանին եւ Ադրբեջանին այդ ջանքերում՝ ներառյալ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր:
Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի իր գործընկերների հետ վերջին շփումներում անդրադարձել է սահմանի սահմանազատման եւ սահմանագծման, հաղորդակցությունների ապաշրջափակման եւ պահվող հայ անձանց վերադարձի հարցերին: