Անցնելով պատերազմի դժոխքի միջով՝ Հադրութի շրջանի Նորաշեն համայնքից տեղահանված Ավետիսյանների ընտանիքն այժմ փորձում է վերադառնալ բնականոն կյանքին հանուն երեխաների ու նրանց ապագայի:
Ընտանիքի ավագը` Արմինե Ավետիսյանն, ավելի քան քսան տարի առաջ երջանիկ կյանքի ակնկալիքով ամուսնու, երեխաների հետ Գյումրիից տեղափոխվել էր Արցախ: 44-օրյա պատերազմը, սակայն, խլեց տարիների ընթացքում նրա ստեղծածը: Արմինեն գյուղում թողեց իր ողջ ունեցվածքը, օրեր անց լուր ստացավ, որ հայտնաբերվել է տունը հսկելու համար գյուղում մնացած ամուսնու դին: Եվս մեկ շաբաթ անց հասավ ավագ որդու զոհվելու մասին լուրը:
«Երբ տղաս վերջին անգամ զանգեց, ասեց՝ մամ, դու ուժեղ կին ես, էրեխեքին կհավաքես թեւիդ տակ ու կպաշտպանես: Ես այդպես էլ արեցի»,- պատմում է Արմինեն: Տեղահանված կինն այժմ իր կրտսեր որդու, երկու դուստրերի, հարսի եւ չորս թոռների հետ ապրում է Երեւանում՝ վարձով բնակարանում: Զոհված որդուն տված խոստման համաձայն՝ Արմինեն փորձում է կազմակերպել իր մեծ ընտանիքի կյանքն ու հոգալ բոլոր կարիքները, սակայն դեռեւս ամեն ինչ չէ, որ հաջողվում է: Ընտանիքն ամեն ամիս տան վարձավճար հայթայթելու խնդիր է ունենում, քանի որ աշխատող մեծահասակների վաստակած գումարն ամբողջությամբ ծախսվում է երեխաների կարիքների համար:
Պատերազմի ժամանակ Արմինեի երկու որդիները` Ավետիսն ու Արցախը, պայմանագրային զինծառայողներ էին:
30-ամյա Ավետիս Ավետիսյանը պատերազմից 15 օր առաջ էր ամուսնացել։ Նա զոհվել է 2020-ի հոկտեմբերի 10-ին ԱԹՍ-ի հարվածից:
Արմինե Ավետիսյան. «Հարսս` Ռայիսաս, ինձ հետ եկավ, չմնաց ոչ մի տեղ, չգնաց: 15 օրվա ծանոթ էինք, բայց ոնց որ մայր ու աղջիկ լինեինք…»:
Ռայիսա. «Ամուսնուս մահից հետո շատերն ասում էին՝ մի՛ մնա այդ ընտանիքում, գնա՛, կյանքդ նորի՛ց դասավորիր,
բայց ես իմ կյանքի կեսից երեխա էի սպասում ու երբեք չէի հրաժարվի այս ընտանիքից»:
Երիտասարդ այրին այժմ զբաղվում է ոչ միայն իր արդեն մեկ տարեկան դարձած որդու, այլեւ ընտանիքի մյուս երեխաների դաստիարակությամբ:
Արմինեի 55-ամյա ամուսնու` Հմայակի դաժան մահը ցնցել էր ընտանիքին, որն այդ պահին արդեն Հայաստանում էր:
Նա մնացել էր Նորաշենում, որ պաշտպաներ նոր ամուսնացած որդու գույքը: Գյուղ մտած թշնամին Հմայակին տանջամահ է արել:
Ռայիսան ասում է` տխուր է, որ իր փոքրիկը երբեք չի տեսնի հորը եւ պապիկին, բայց նա կիմանա, թե ովքեր էին նրանք եւ ինչի համար են զոհվել:
Ընտանիքի երեխաներից երկուսն արդեն դպրոցահասակ են, մեկը` Արենը, մանկապարտեզ է գնում:
Երեխաները բազմաթիվ նոր հետաքրքրություններ են գտել:
Բակում արդեն ցոգոլ քաղելու ժամանակն է:
5-ամյա Արենը տուն շուտ է վերադառնում։ Պատուհանի մոտ սպասում է ավագ եղբայրների վերադարձին:
Կորսված սեփական տնից հետո 12-րդ հարկի ժամանակավոր բնակարանը երեխաների համար դարձել է ապահովության բարձր ամրոց:
Արմինե Ավետիսյան. «Մենք փորձում ենք հաղթահարել մեր ցավը, մեր կորուստները, չենք մոռանում անցյալը,
բայց պետք է փորձենք արդեն առաջ նայել եւ ապրել: Ուղղակի մեզ մի քիչ օգնություն է պետք»:
Արմինեն թոռների` 10-ամյա Արսենի, 8-ամյա Արմենի, 5-ամյա Արենի եւ 1 տարեկան Արեգի հետ:
Լրագրող, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։