Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիեւի միջեւ Բրյուսելում մայիսի 22-ի երեկոյան մեկնարկած եւ կեսգիշերն անց ավարտված բանակցություններից հետո հայտարարել է, որ առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանագծման ու սահմանի անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստը:
Քննարկել են նաեւ գերիների ազատ արձակման եւ անհետ կորածների ճակատագրերին առնչվող հարցերը
Թե հատկապես երբ եւ սահմանի որ հատվածում է լինելու հանձնաժողովի առաջին նիստը, Շառլ Միշելը չի հստակեցրել: ԵԽ բարձրաստիճան պաշտոնյան հարցերի մի ամբողջ շրջանակի քննարկումը բաց եւ արդյունավետ է որակել: Եվրոպական խորհրդի ղեկավարը նշել է, որ մանրամասն քննարկել են մարդասիրական խնդիրները, դրանց թվում՝ ականազերծման, ձերբակալվածներին ազատ արձակելու ջանքերը եւ անհետ կորածների ճակատագրերը:
«Հետեւյալ արդյունքներին ենք հասել. սահմանների հարցով համատեղ հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի կունենա միջպետական սահմանին առաջիկա օրերին, այն կքննարկի սահմանագծման եւ սահմանային անվտանգությունը լավագույնս ապահովելուն առնչվող բոլոր հարցերը»,- ընդգծել է Միշելն իր թվիթերյան գրառման մեջ:
Սա Միշել-Փաշինյան-Ալիեւ ձեւաչափով արդեն երրորդ հանդիպումն էր Բրյուսելում: Նրանց առաջին երկու հանդիպումները տեղի են ունեցել 2021-ի դեկտեմբերի 14-ն եւ 2022-ի ապրիլի 6-ին։
Եռակողմ բանակցություններից առաջ Շառլ Միշելն առանձին հանդիպումներ է ունեցել երկու երկրների ղեկավարների` Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ: Այդ հանդիպմանը Փաշինյանն ու Միշելը քննարկել են նաեւ Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, մասնավորապես, ԵՄ-ի կողմից Հայաստանի համար հայտարարված 2,6 միլիարդ եվրոյի տնտեսական եւ ներդրումային փաթեթի իրականացման ընթացքը:
Կողմերն ընդհանուր հայտարարի են եկել. Միշել
Բանակցություններից հետո ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի ղեկավարները լրագրողների հարցերին չեն պատասխանել: Կարճ հայտարարություն է արել միայն Եվրոպական խորհրդի ղեկավար՝ տեղեկացնելով, որ կողմերն ընդհանուր հայտարարի են եկել նաեւ տարածաշրջանի ճանապարհներն ու հաղորդակցության ուղիները բացելու վերաբերյալ:
«Առաջնորդները համաձայնել են, որ անհրաժեշտ է ապաշրջափակել տրանսպորտային կապերը, եւ պայմանավորվել են՝ ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը Արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ, ինչպես նաեւ Հայաստանի տարբեր հատվածներից դեպի Ադրբեջան, ինչպես նաեւ՝ ինչ սկզբունքով են իրականացվելու միջազգային փոխադրումները երկու երկրների հաղորդակցության ուղիների եւ ենթակառուցվածքների միջոցով: Հատկանշական է, որ նրանք համաձայնել են սահմանային վարչարարության, անվտանգության սկզբունքների եւ տարանցման տուրքերի շուրջ»,- նշել է Շառլ Միշելը:
Եվոպական խորհրդի ղեկավարը չի հստակեցրել` ինչ որոշակի սկզբունքներ են գործելու, միայն նշել է, որ փոխվարչապետները պետք է առաջիկա օրերին է՛լ ավելի զարգացնեն Բրյուսելում իրենց առաջնորդների միջեւ ձեռք բերված այս պայմանավորվածությունները: