Թյուրքական հինգ պետություն եւ հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը հիմնել են «Թյուրքական պետությունների օմբուդսմենների միություն»: Արարողությունը տեղի է ունեցել թուրքական Բուրսա քաղաքում՝ Թուրքիայի Մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմեն) գրասենյակում:
Նորաստեղծ կազմակերպության հիմնադիր անդամներ են դարձել Թուրքիան, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը:
Թուրքիայի Մարդու իրավունքների պաշտպան Շերեֆ Մալքոչը հայտարարել է, որ իրենք կազմակերպությունը հիմնել են՝ ոգեշնչվելով 2021-ի նոյեմբերի 12-ին Ստամբուլում Թյուրքական պետությունների կազմակերպության հիմնումով: Թուրքիայի ՄԻՊ-ը հայտնել է նաեւ, որ նորաստեղծ Թյուրքական պետությունների օմբուդսմենների միությունում պարտականությունների բաշխում դեռեւս չի կատարվել։
Մալքոչը նշել է, որ հիշյալ միությանը միանալու են նաեւ Հունգարիան եւ Թուրքմենստանը: