Իլհամ Ալիեւը շատ ուրախ է, որ ղարաբաղցիները չեն հավատում Ադրբեջանի կազմում իրենց անվտանգության մասին իր խոստումներին։ Եթե չեն հավատում, ուրեմն դուրս կգան։ Եթե հավատային, կմնային, իսկ մնալը գլխացավանք է։
Հիմքեր ունե՞ն ղարաբաղցիները չհավատալու Իլհամ Ալիեւին։ Հիմքերը ծով են։ Հավատալու պատճառ չկա։ Բայց ի՞նչ կարող են անել ղարաբաղցիները։ Ոչինչ։ Ի՞նչ կարող է անել Հայաստանը։ Ոչինչ։ Հայաստանը կարող է ձգձգել միայն իր անհամաձայնությունը։ Ընդամենը ձգձգել։ Մինչեւ գտնվի մեկն ու ասի՝ ձեր փոխարեն ես կլուծեմ այդ հարցը։ Բայց այդպիսի մեկը բնության մեջ չի եղել, չկա ու չի լինի։ Այդ մեկը կարող է լինել միայն Հայաստանը։ Իսկ Հայաստանն արդեն տվել է իր համաձայնությունն իրերի այն վիճակին, որի մասին երեկ հայտարարել է Շառլ Միշելը։
Իսկ ուրիշ ի՞նչ կարող էր անել Հայաստանը։ Եթե անկեղծ լինենք՝ ոչինչ։ Փաշինյանին մենք կարող ենք հայտարարել ազգի դավաճան, Ղարաբաղը ծախած պրծած մեկը, բայց Փաշինյանը բոլոր խաղաքարտերը պարտվել է 2020-ի սեպտեմբերի 26-ին։ Ալիեւը գրեթե ամեն օր հոգու խորքում ծափահարում է Հայաստանից եկող ցանկացած անհամաձայնության իրերի այսպիսի վիճակին։ Ծափահարում է, որովհետեւ այսպիսի ցանկացած անհամաձայնություն լեգիտիմացնում է իր ագրեսիան։ Այլ հարց է, որ ոչ մեկը նրան այսօր թույլ չի տա հարձակվել Հայաստանի կամ Ղարաբաղի վրա։ Բայց հարձակվելու լեգիտիմ հիմքերի հետ ոչ ոք չի կարող վիճել։
Ալիեւը չի ուզում ծնկի բերել Հայաստանին, նա պարզապես ուզում է ավարտին հասցնել հաղթանակը, ու եթե դրա համար պետք է ծնկի բերել Հայաստանին, նա դա կանի։
Պետք չէ նայել Շառլ Միշելի աչքով։ Նա կարող է Ալիեւի ականջին ասել, որ հայերը համաձայն չեն իրերի այսպիսի վիճակին՝ Ղարաբաղի ադրբեջանականացում եւ անկլավների վերադարձ։ Անհամաձայնություններին պետք է նայել Իլհամ Ալիեւի աչքով, որն ասում է՝ հետո՞ ինչ, որ հայերը համաձայն չեն։ Ո՞րն է նրանց անհամաձայնության լեգիտիմությունը, ցույց տվեք ինձ օրինական հիմքերը, եւ ես հայերին կզիջեմ իրենց մտքով անցածը։
Իսկ Միշելը չի կարող դրանք ցույց տալ։ Միշելը նայում է «օրինական» պատերազմում պարտված Փաշինյանի կողմը։ Այդ պատերազմն «օրինական» է, որովհետեւ Հայաստանը մսխեց բանակցային 26 տարի, մատը մատին չխփեց եւ օրինականացրեց 2020-ի սեպտեմբերի 27-ը։
Միշելն ու Ալիեւը սա գիտեն, պիտի որ Փաշինյանն էլ իմանա, նա էր ուզում սկսել իր սեփական կետից։ Նա էր, որ չմտավ հակամարտության էության մեջ ու հանդես եկավ մեղայականով, երբ արդեն բանը բանից անցել էր։
Մենք կարող ենք կոտորել մեզ Միշելի հայտարարության տեքստում ոչինչ փոխել չկարողանալու համար, բայց դա մեր վաստակածն է, ոչ թե մեզ պարտադրվածը։ Հաճելի է մեզ սա, թե ոչ, ճիշտ է սա, թե ճիշտ չէ, լավ է սա, թե վատ։ Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: