ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են որ Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովի (World Health Assembly) շրջանակում Հայաստանի Հանրապետությունը նշանակվել է ԱՀԿ Գլխավոր կոմիտեի անդամ։
Գլխավոր կոմիտեն կազմված է 25 անդամից։ Կոմիտեն, խորհրդակցելով Գլխավոր տնօրենի հետ, որոշում է նստաշրջանի ընթացքում բոլոր լիագումար նիստերի, հիմնական հանձնաժողովների նիստերի եւ բոլոր հանձնաժողովների նիստերի ժամը եւ վայրը, նիստի ընթացքում յուրաքանչյուր լիագումար նիստի աշխատանքների հերթականությունը։
Կոմիտեն նաեւ առողջապահության վեհաժողովին առաջարկում է օրակարգի հարցերը, զեկուցում օրակարգում լրացումների մասին, համակարգում հիմնական եւ բոլոր հանձնաժողովների աշխատանքները եւ այլն։
7-օրյա պաշտոնական այցով Ժնեւ ժամանած, վեհաժողովին մասնակցող Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Վեհաժողովի ընթացքում՝ մայիսի 29-ին, տեղի կունենան կազմակերպության Գործադիր խորհրդի ընտրությունները։ Տարածաշրջանային C խմբում ներկայացված է նաեւ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի թեկնածությունը։ Գործադիր խորհուրդը կազմված է 34 որակավորված անդամներից, որոնք ընտրվում են 3 տարի ժամկետով:
ՀՀ ԱՆ-ից նշել են, որ 1 ազատ տեղի համար մրցակցում են 4 երկիր՝ Հայաստանը, Ադրբեջանը, Իսրայելը եւ Ուկրաինան։
Առողջապահության համաշխարհային վեհաժողովը ԱՀԿ որոշումներ ընդունող բարձրագույն մարմինն է՝ բոլոր անդամ-պետությունների բարձրաստիճան պատվիրակությունների, դիտորդների, Միավորված ազգերի կազմակերպության, միջազգային, հասարակական կազմակերպությունների եւ ԱՀԿ-ի հետ պաշտոնական հարաբերություններ ունեցող այլ մարմինների մասնակցությամբ: