ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրուց են ունեցել։ ՀՀ արտգործնախարարությունից հայտնել են, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձեւավորմանն առնչվող հարցերը։
Արտգործնախարարներն անդրադարձել են 2020-ի նոյեմբերի 9/10-ի, 2021-ի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին, տարածաշրջանում տնտեսական կապերի եւ տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը։
Միրզոյանը վերահաստատել է ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Քննարկվել են նաեւ հայ-ռուսական համագործակցության երկկողմ եւ բազմակողմ օրակարգին վերաբերող հարցեր: