Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Կլեման Բոնը հայտարարել է, որ Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության գործընթացը կարող է տասնամյակներ տեւել․ առնվազն 15-20 տարի։
Բոնն ընդգծել է, որ դա շատ ժամանակատար է, եւ չի կարելի պատրանքներ ներշնչել։ «Նման սուտը կարող է հիսաթափեցնել ուկրաինացիների մի ամբողջ սերնդի»,- հայտարարել է ֆրանսիացի պաշտոնյան։
Պետքարտուղարը շեշտել է, որ այդ ընթացքում Ուկրաինային պետք է համագործակցության մեկ այլ ձեւաչափ առաջարկել։ «Խոսքը, մասնավորապես, նախագահ Մակրոնի առաջարկած մեխանիզմի մասին է»,- հայտարարել է Բոնը։
Ֆրանսիայի նախագահը շաբաթներ առաջ առաջարկել է եվրոպական քաղաքական համագործակցության նոր կազմակերպություն ստեղծել, որին կանդամակցի նաեւ Ուկրաինան։
Մեկնաբանելով Մակրոնի առաջարկը՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության այլընտրանքը փոխզիջումն է Պուտինի հետ։