ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է օտարերկրյա պետություն մեկնող եւ օտարերկրյա պետությունից ժամանող ֆիզիկական անձանց բուժման կուրսի կամ անձնական օգտագործման առանց հավաստագրի դեղորայքի ներմուծման կամ արտահանման կարգը:
Ըստ այդմ թույլատրվում է ներմուծել կամ արտահանել Հայաստանում գրանցված կամ չգրանցված մինչեւ 10 անվանում դեղորայք, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ քանակով, եթե դեղի նշանակման վերաբերյալ փաստաթղթերով (դեղատոմս կամ քաղվածք հիվանդության պատմագրից կամ բժշկի ստորագրությամբ այլ փաստաթուղթ) հիմնավորված չէ բուժման կուրսի համար անհրաժեշտ ավելի մեծ քանակը:
ՊԵԿ-ը նշել է նաեւ, որ ֆիզիկական անձինք փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային փոխադրումներով տվյալ օրացույցային տարվա ընթացքում մեկ անգամ կարող են ներմուծել մինչեւ 5 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ քանակով գրանցված կամ չգրանցված դեղորայք։
Եթե օրացույցային տարին չլրացած ֆիզիկական անձը կրկին ներմուծում է անձնական օգտագործման դեղորայք, ապա ներմուծումը թույլատրում է միայն ՀՀ առողջապահության նախարարությունը։ Ֆիզիկական անձի համար սահմանված չափաքանակից ավելի դեղերի ներմուծման թույլտվությունը եւս ՀՀ առողջապահության նախարարությունն է տրամադրում։
ՊԵԿ-ը հիշեցնում է` թմրամիջոց կամ հոգեմետ նյութ պարունակող դեղորայքի տեղափոխումն արգելվում է։ Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի անվանացանկը սահմանված է ՀՀ Կառավարության 2018 թվականի 707-Ն որոշմամբ: