Ռուսաստանի պաշտպանության նախարարության մայիսի 23-ին տարածած հաղորդագրության համաձայն՝ վերջին 24 ժամերին Դոնբասում ռազմական ավիացիան մի քանի տասնյակ հարվածներ է հասցրել ուկրաինական բանակի դիրքերին։
Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ օպերատիվ-տակտիկական եւ բանակային ավիացիան Ուկրաիանայի ԶՈՒ-ի կենդանի ուժի եւ ռազմական տեխնիկայի կուտակման 39 շրջան է խոցել։ Լուգանսկի Կրասնի Լիման բնակավայրի մերձակայքում զինպահեստ է ոչնչացվել։
Ըստ ռուս գեներալի՝ նույն ժամանակահատվածում Ռուսաստանի ԶՈՒ հրթիռային ստորաբաժանումները 33 միավոր զրահատեխնիկա են ոչնչացրել։ Կոնաշենկովի պնդմամբ՝ վերջին մեկ օրում ռուսական կողմի հարվածների հետեւանքով զոհվել է 230 ուկրաինացի զինծառայող։
Երեք ամսվա ընթացքում ՌԴ ԶՈՒ-ն Ուկրաինայում նույնքան զոհ է տվել, որքան խորհրդային բանակն՝ Աֆղանստանում 9-ամյա պատերազմում
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր հերթին ամփոփել է հակառակորդի կորուստները մայիսի 23-ի դրությամբ։ Ուկրաինայի զինուժը պատերազմի ամբողջ ընթացքում ոչնչացրել է ՌԴ ԶՈՒ մարտական մեքենաների եւ ավտոցիստեռների 2218 միավոր, հատուկ ռազմական տեխնիկայի 44 միավոր, 609 միավոր հրետանային համակարգ, 3191 միավոր զրահամեքենա, 93 միավոր ՀՕՊ համակարգ, 1301 տանկ, 13 ռազմանավ (եւ մոտորանավ), 170 ռազմական ուղղաթիռ, 204 ռազմական ինքնաթիռ, 113 միավոր թեւավոր հրթիռ եւ շուրջ 29 հազար 200 ռուս զինվորական։ Ըստ Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի՝ հակառակորդը նախորդ օրը՝ մայիսի 22-ին, ամենամեծ կորուստները կրել է Բախմուտ քաղաքի ուղղությամբ:
Մեծ Բրիտանիայի հետախուզությունը մայիսի 23-ին հայտնել է, որ Ուկրաինա ներխուժման երեք ամսվա ընթացքում ՌԴ ԶՈՒ-ն նույնքան զոհ է տվել, որքան խորհրդային բանակն Աֆղանստանում 9-ամյա պատերազմի ընթացքում: