ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին:
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով»,- ասված է որոշման մեջ:
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Մհեր Գրիգորյանը։ Հանձնաժողովի կազմում են ընդգրկվել նաեւ ՀՀ փոխարտգործնախարար Մ. Սաֆարյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Ա. Սարգսյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Գ. Մինասյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հ. Հարությունյանը, ՀՀ կադաստրի կոմիտեի փոխնախագահներ Ն. Ավագյանը եւ Ա. Գուգարացը, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Ե. Կիրակոսյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ա. Մարտիկյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ Դ. Սանամյանը, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Ա. Մարալչյանը եւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ Ս. Պետրոսյանը:
ՀՀ-ի հետ սահմանազատման հանձնաժողովի նախագահ է նշանակվել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցներիի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի հետ սահմանազատման պետական հանձնաժողով: Հրամանի համաձայն՝ հանձնաժողովի նախագահ է նշանակվել փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը:
Ավելի վաղ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիեւի միջեւ Բրյուսելում մայիսի 22-ի երեկոյան մեկնարկած եւ կեսգիշերն անց ավարտված բանակցություններից հետո հայտարարել էր, որ առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանագծման ու սահմանի անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստը: