ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը հայտարարել է, որ Ուկրաինայի չեզոքությունը դեռ կարող է կարգավորել հակամարտությունը, թեեւ հակամարտության կարգավորման հնարավորություններն այժմ ավելի քիչ են, քան առաջ:
Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի նիստի իր ելույթում Քիսինջերը շեշտել է, որ դեռեւս ութ տարի առաջ գրած հոդվածում իդեալական տարբերակ է համարել Ուկրաինայի գոյությունը որպես չեզոք կարգավիճակով պետություն, որը կարող է կամուրջ դառնալ Մոսկվայի եւ Եվրոպայի միջեւ:
Քիսինջերն ընդգծել է, որ այսօր նման հնարավորությունը նույնքան իրատեսական չէ, սակայն դեռ կարող է ընկալվել որպես վերջնանպատակ:
Տեղեկանք
Հենրի Քիսինջերը ԱՄՆ 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի կառավարման տարիներին ազգային անվտանգության հարցերով խորհրդականն ու ԱՄՆ պետքարտուղարն էր։ ԱՄՆ նախագահ Ջերալդ Ֆորդի նախագահության տարիներին շարունակել է զբաղեցնել պետքարտուղարի պաշտոնը։ Լինելով իրական քաղաքականության կողմնակից՝ Հենրի Քիսինջերը 1969-1977 թվականներին որոշիչ դերակատարում է ունեցել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունում։ Նախաձեռնել է միջազգային լարվածության լիցքաթափման քաղաքականությունը, որը հանգեցրել է ԱՄՆ-ԽՍՀՄ եւ ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում լարվածության զգալի նվազմանը։