Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանի գործող իշխանություններն, ըստ էության, հրաժարվում են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը հետապնդելուց եւ այս պահին կենտրոնանում են Արցախի բնակչության իրավունքների եւ անվտանգության խնդիրների վրա:
2020 թվականի 44-օրյա աղետալի պատերազմում կրած պարտությունից եւ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Երեւանը հրաժարվել է Հայաստանի հետ Արցախի միացման եւ կամ նրա անկախության գաղափարից: Իրողությունները Փաշինյանին պարտադրել են իջեցնել նշաձողը եւ հաշվի նստել իրականության հետ:
Նշաձողը իջեցվել էր 1998-ին՝ Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իրականացրած ռազմական հեղաշրջումից հետո, բայց քանի դեռ նոր պատերազմ չէր եղել, հեղաշրջում իրականացնողները վայելում էին Արցախյան առաջին հաղթանակն ու 1994-ի մայիսյան անժամկետ հրադադարը:
Երեւանը պաշտոնապես իր համաձայնությունն էր տվել «Ընդհանուր պետություն» առաջարկին, որի առաջին պարբերության մեջ ասվում էր. «Լեռնային Ղարաբաղը հանրապետության ձեւի պետական եւ տարածքային կազմավորում է եւ Ադրբեջանի հետ միասին կազմավորում է Ընդհանուր պետություն` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:
Երբ Բաքուն չընդունեց այս առաջարկները, Հայաստանի դիվանագետները սկսեցին նշաձողը մի աստիճան եւս իջեցնել: Այդ ժամանակներում շրջանառության մեջ էր դրվել «Անկախությունից ցածր, ինքնավարությունից բարձր», «Դե ֆակտո անկախ, դե յուրե՝ ոչ Ադրբեջանի կազմում» եւ նմանօրինակ ձեւակերպումներ:
Մայիսի 22-ին Բրյուսելում կայացած վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ հանդիպումից հետո պաշտոնական հայտարարություն է տարածել միայն միջնորդ կողմը, այս դեպքում՝ Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Կողմերի լռության պայմաններում Միշելի հայտարարությունը կարելի է համարել համաձայնեցված տեքստ Երեւանի եւ Բաքվի միջեւ: «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» ձեւակերպումը նշանակում է, որ այս փուլում Հայաստանի համար Արցախի կարգավիճակ չկա:
Պատահական չէ նաեւ, որ «Ղարաբաղ» բառից առաջ բացակայում է «Լեռնային» բաղադրիչը: «Լեռնային Ղարաբաղ» ձեւակերպումը, անկախ կարգավիճակից, միջազգայնորեն նշանակել է Արցախի տարածքային, ազգային եւ քաղաքական միավորի գոյություն: Ադրբեջանն, անկասկած, կցանկանար, որ Շառլ Միշելի հրապարակած տեքստում «Ղարաբաղ» բառն ընդհանրապես չլիներ:
Երեւանը ձգտելու է նրան, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվելիք խաղաղության պայմանագրում երկու երկրների՝ միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը ճանաչելու գործընթացում չլինի հստակ կետ, համաձայն որի՝ Արցախը պատկանում է Ադրբեջանին: Սա է այն հնարավոր առավելագույնը, որ կարող է ակնկալել Հայաստանն այսօր, այս պայմաններում:
Հիմա ասելիք եւ անելիք ունի Ստեփանակերտը, որը Ռոբերտ Քոչարյանի եւ նրա հաջորդների ձեռքով դուրս է թողնվել բանակցային գործընթացից՝ զրկվելով իր ճակատագիրը որոշելու կամ կայացվելիք վճռի վրա ազդելու հնարավորությունից: Առաջին՝ փորձել նոյեմբերի 9-ի հայտարարության, այն է՝ գործընթացի մաս կազմել, երկրորդ՝ ուղիղ խոսել Բաքվի հետ: Սա է սուբյեկտայնությունը վերականգնելու անհնարին թվացող, բայց միակ ու սեփական ճակատագիրը տնօրինելու ճանապարհը:
Մեր պատմությունը 100 տարի անց ողբերգական կերպով կրկնվում է ոչ միայն Կարսի եւ մյուս տարածքների կորստի, այլեւ Արցախի կարգավիճակի հարցում:
Հայոց պատմագրությունը հետեւողականորեն այն թեզն է առաջ տարել, որ Արցախը Խորհրդային Ադրբեջանին կցվել է 1921 թվականի հուլիսի 5-ի Կավբյուրոյի հայտնի նիստում: 1923-ի հուլիսի 7-ին Խորհրդային Ադրբեջանն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կազմավորման» դեկրետը: Այս երկու թվականներն էլ ճշգրիտ են, բայց կա մեկ այլ՝ ավելի կարեւոր տարեթիվ ու փաստ, որը բացակայում է հայոց պատմության դպրոցական եւ բուհական բոլոր դասագրքերում, ակադեմիական շատ հրատարակություններում:
1920 թվականի այս օրը՝ մայիսի 24-ին, Չանախչի (այսօր՝ Ավետարանոց, որը ադրբեջանցիները գրավել են 2020-ի հոկտեմբերի վերջին) գյուղում տեղի է ունենում Դրաստամատ Կանայանի՝ Դրոյի, Գարեգին Նժդեհի, գնդապետ Դմիտրի Միրիմանյանի եւ Արցախում ՀՅԴ ներկայացուցիչ Արսեն Միքայելյանի խորհրդակցությունը: Մոտ մեկ ամիս առաջ բոլշեւիկները խորհրդայնացրել էին Ադրբեջանը եւ Բաքվի հետ Հայաստանից պահանջում էին զորքերը դուրս բերել Ղարաբաղից:
Խորհրդակցությունը որոշում է Ղարաբաղի իշխանությունը հանձնել տեղի հայ բոլշեւիկներին: Մայիսի վերջերին իշխանությունը հանձնվում է բժիշկ Սարգիս Համբարձումյանին, եւ հայկական զորամասը` Դրոյի առաջնորդությամբ, Քիրսի վրայով հունիսի առաջին օրերին անցնում է Խծաբերդ եւ ապա` Զանգեզուր: Նույնն անում է Գարեգին Նժդեհը՝ իր զորախմբով Հադրութից նահանջելով դեպի Կապան:
Այսպիսով՝ բոլշեւիկների անմիջական օգնությամբ եւ սպառնալիքի տակ Արցախը խորհրդայնացվեց: Ռուսաստանը, սակայն, խորհրդայանացնելով Ղարաբաղը, այն միանգամից չմիացրեց Ադրբեջանին: 1920 թվականի օգոստոսի 10-ին Խորհրդային Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքված համաձայագրով Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը համարվում էին վիճելի տարածքներ:
Հայաստանի Հանրապետությունն իր գոյության 1000 օրերի ընթացքում (1918-1920) արեց հնարավորը՝ Ադրբեջանի հետ երեք վիճելի տարածքներն իրեն միացնելու գործում, սակայն ի վիճակի եղավ պահելու միայն Զանգեզուրը, այն էլ ոչ ամբողջապես: Ղարաբաղն ու Նախիջեւանն ի վերջո մնացին Խորհրդային Ադրբեջանի կազմում:
Եվ վերջինը. պետք է հասկանալ, որ Արցախի անվտանգությունն ու պաշտպանությունը Հայաստանը ստիպված է եղել հանձնել, պատվիրակել Ռուսաստանին: Բաքուն ձգտելու է հասնել նրան, որ Երեւանը հստակ կերպով Լեռնային Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի մաս, որպեսզի հետագայում այդ փաստն օգտագործի Ռուսաստանի հետ բանակցություններում, մասնավորապես՝ խաղաղապահների դուրսբերման նպատակով:
Ալիեւին, թվում է, հաջողվել է ազատվել «հայկական գլխացավանքից», բայց նրա համար նոր գլխացավանք կա՝ ռուսականը:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։