Մոսկովյան դատարանն անփոփոխ է թողել Ալեքսեյ Նավալնիի՝ ֆինանսական մեքենայության եւ դատավորին վիրավորելու գործով վճիռը, որով ընդդիմադիր առաջնորդը 9 տարվա ազատազրկման է դատապարտվել խիստ ռեժիմի գաղութում, ինչպես նաեւ՝ 1,2 միլիոն ռուբլի տուգանքի։
Իրավապահները պնդում են, որ Նավալնին վիրավորել է վետերան Իգնատ Արտեմենկոյի թոռանը եւ դատավոր Վերա Ակիմովային, 2017-ի նախագահական ընտրարշավի համար էլ հանգանակություններ է հավաքել՝ նախապես իմանալով, որ իր դեմ հարուցված քրեական գործերի պատճառով չի կարող նախագահ դառնալ։
Նավալնին ձերբակալվել է 2021-ի հունվարին Գերմանիայից Ռուսաստան վերադառնալուց անմիջապես հետո։ Գերմանիայում նա բուժվում էր «Նովիչոկ» տեսակի քիմիական նյութով թունավորումից հետո: Նավալնին իր դեմ մահափորձի համար մեղադրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներին: