Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ՄԱԿ-ի Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի տնտեսական հանձնաժողովի 78-րդ նստաշրջանի իր ելույթում խոսել է Ուկրաինայի պատերազմի պատճառով տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակի մասին, որը հանգեցրել է տրանսպորտային միջանցքների փոփոխությունների։
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ Զուրաբիշվիլին շեշտել է, որ աշխարհաքաղաքական իրավիճակը մեծացրել է Վրաստանի՝ որպես տրանսպորտային միջանցքի դերը։
«Պատերազմն ընդգծում է այլընտրանքային տրանսպորտային համակարգերի արագ զարգացման անհրաժեշտությունը՝ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ մատակարարման շղթաները պահպանելու համար։ Հարեւանության մարտահրավերներով հանդերձ՝ Վրաստանը աշխարհագրական դիրքի շնորհիվ, որպես կամուրջ Եվրոպայի, Ասիայի եւ Հին Մետաքսի ճանապարհի երկրների միջեւ, ինտենսիվ համագործակցում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ՝ նոր էներգետիկ, տրանսպորտային եւ հաղորդակցման նախագծեր մշակելու համար»,- ասել է Զուրաբիշվիլին։
Վրաստանի նախագահն ընդգծել է, որ աշխարհաքաղաքական համատեքստն ավելի է ամրապնդում Վրաստանի դերը՝ որպես Ասիա տանող դարպասի եւ որպես հիմնական տարանցիկ-լոգիստիկ հանգույցի, որը կարեւոր օղակ է ապրանքների շարժման համար՝ Սեւ ծովը, Կովկասը եւ Եվրասիական մայրցամաքը կապող ջրանցքով։
«Եվրոպական ինտեգրման ճանապարհին նոր պատմական ձեռքբերումներին համընթաց Վրաստանը փորձում է զարգացնել կապերն ասիական տնտեսությունների հետ, հատկապես ազատ առեւտրի համաձայնագրերի եւ համագործակցության ընդլայնման միջոցով»,- նշել է Զուրաբիշվիլին։