ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է 2023-ի հունվարի 1-ից երեխայի խնամքի նպաստ տալ մինչեւ 2 տարեկան երեխա ունեցող բոլոր մայրերին՝ անկախ աշխատել-չաշխատելու հանգամանքից ու բնակության վայրից։
Գործող օրենքով երեխայի խնամքի նպաստ է նշանակվում խնամքի արձակուրդում գտնվող աշխատող ծնողին ու գյուղում բնակվող ծնողին։ Նախարարությունն առաջարկում է փոփոխություններ անել «Պետական նպաստների մասին» օրենքում եւ 2023-ի հունվարի 1-ից նպաստի իրավունք տալ բոլորին։ Օրենքի փոփոխությունների նախագիծն արդեն հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման էլեկտրոնային հարթակում։
Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը քաղաքաբնակ աշխատող եւ գյուղաբնակ չաշխատող ծնողների համար այս պահին 26 հազար 500 դրամ է, գյուղաբնակ աշխատող ծնողների համար` 53 հազար դրամ: Քաղաքաբնակ չաշխատող ծնողները գործող օրենքով նպաստ չեն ստանում։
Կարգավորումը գործում է 2020-ի հուլիսի 1-ից։ Նպաստը տրվում է ամեն ամիս՝ մինչեւ երեխայի 2 տարեկանը լրանալը։ Նոր կարգավորումը նպաստի չափի վերանայում չի նախատեսում։ Այդ փոփոխությունը կարող է իրականացվել կառավարության որոշմամբ։