Սլովենիայում եւ Չեխիայում մայիսի 24-ին հայտարարել են կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքերի հայտնաբերման մասին։ Սլովենիայում վիրուսը հայտնաբերվել է Կանարյան կղզիներից վերջերս վերադարձած մի տղամարդու մոտ։ Ունի միջին ծանրության ախտանշաններ, չի հոսպիտալացվել։ Սլովենիայի առողջապահության ոլորտի պաշտոնյաները կարծում են, որ կապիկի ծաղիկի տարածումը երկրում կարելի է արագ կասեցնել, բայց միեւնույն ժամանակ նրանք կոչ են արել բոլորին, ովքեր շփվել են վարակվածի հետ, անցնել 21-օրյա կարանտինի։
Չեխիայում վիրուսը հայտնաբերվել է Պրահայում։ Հիվանդը բուժվում է Չեխիայի մայրաքաղաքի զինվորական հոսպիտալում: Այս դեպքի մասին այլ տեղեկություններ չկան։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ վերջին շաբաթների ընթացքում աշխարհում արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության շուրջ 80 դեպք առնվազն 12 երկրում, եւ եւս 50 կասկածելի դեպք հետազոտվում է։ Հիվանդության դեպքերը հաստատվել են եվրոպական 9 երկրում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Իտալիա եւ Շվեդիա), ինչպես նաեւ ԱՄՆ-ում, Կանադայում եւ Ավստրալիայում։ Մինչ օրս հիվանդության դեպքերն արձանագրվել են Աֆրիկյան երկրներում կամ կապված են եղել այդ երկրներ ճանապարհորդության հետ։
Կապիկի ծաղիկ հիվանդության մասին
Կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական եւ Արեւմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են կրծողները եւ պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտանգ եւ այլն):
Կապիկի ծաղկի վիրուսը (Orthopoxvirus) նման է բնական ծաղկի վիրուսին: Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների վարակված արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաեւ վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման հետեւանքով:
Ռիսկի հավանական գործոններից է համապատասխան ջերմային մշակման չենթարկված, վարակված կենդանիների մսի օգտագործումը: Վարակի փոխանցումը մարդուց մարդուն սահմանափակ է եւ հիմնականում տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով եւ/կամ ախտահարված հյուսվածքի հետ երկարատեւ սերտ շփման, ինչպես նաեւ օգտագործված սրբիչի եւ անկողնային պարագաների միջոցով։ Վարակի դեմ մասնահատուկ բուժում կամ պատվաստանյութ դեռեւս չկա, սակայն վարկած կա, որ բնական ծաղիկի դեմ նախկինում ստացված պատվաստումը ապահովում է կապիկի ծաղկի արդյունավետ կանխարգելումը:
Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տեւում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն: Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից եւ ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում: Թեեւ հիվանդությունն ընթանում է շատ ավելի թեթեւ, ախտանշաններն ինքնուրույն անհետանում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում այն կարող է հանգեցնել բարդությունների եւ նույնիսկ մահվան (մահաբերությունը՝ 1-10%):
Կապիկի ծաղկի կանխարգելման նապատակով անհրաժեշտ է խուսափել ախտանշաններ ունեցող անձի հետ երկարատեւ սերտ շփումից, չներկրել էկզոտիկ կապիկներ (պրիմատներ) եւ կրծողներ, կենդանական միս կամ դրանց մասեր պարունակող բոլոր մթերքները ենթարկել բավարար ջերմային մշակման, որը պաշտպանում է ինչպես այս, այնպես էլ այլ վարակիչ հիվանդություններից, կենդանաբանական այգիներ այցելելիս խուսափել կապիկների եւ կրծողների հետ շփումներից։
ՀՀ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման Ազգային կենտրոնը հայտնում է, որ եթե ճամփորդել եք Աֆրիկայում կամ շփում եք ունեցել այնտեղից վերադարձած անձի հետ, մաշկի ցանավորման եւ այլ ախտանշանների դեպքում անմիջապես անհրաժեշտ է դիմել վարակաբանի խորհրդատվության։