Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Պաղեստին կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը համաձայնելու համար Թուրքիան ցանկանում է գրավոր երաշխիքներ ստանալ այդ Սկանդինավյան երկրներից։
«Ստոկհոլմը եւ Հելսինկին պետք է հրաժարվեն ահաբեկիչներին աջակցելուց։ Նախագահն ասել է՝ դիվանագիտությունը մեր առաջնահերթությունն է»,- շեշտել է Չավուշօղլուն։
Անկարան եւս մեկ պահանջ ունի՝ վերացնել Թուրքիա պաշտպանական արտադրանքի մատակարարման էմբարգոն։ Ըստ նախարարի՝ այս հարցը կարող են քննարկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ինչպես նաեւ Թուրքիայի, Շվեդիայի եւ Ֆինլանդիայի ներկայացուցիչները։
Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով Շվեդիայի, Ֆինլանդիայի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունները կանցկացվեն մայիսի 25-ին Անկարայում։ Նախքան այդ Ֆինլանդիան եւ ՆԱՏՕ-ն փոխադարձ տեխնիկական համաձայնագիր են ստորագրել։ Ըստ Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Կայկոնենի` փաստաթուղթը կուժեղացնի Ֆինլանդիայի պաշտպանունակությունը եւ Հյուսիսատլանտյան դաշինքից արդյունավետ ռազմական օգնություն ստանալու հնարավորություն կընձեռի։ Ըստ համաձայնագրի՝ ՆԱՏՕ-ն եւ Ֆինլանդիան երկրի տարածքում եւ արտերկրում համատեղ վարժանքներ կանցկացնեն, իսկ ռազմական ճգնաժամի դեպքում պաշտպանական համագործակցություն կիրականացնեն: