Եվրոպական խորհրդի ղեկավար Շարլ Միշելը Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպումից հետո տեղեկացրեց՝ Հայաստանն ու Ադրբեջանն ընդհանուր հայտարարի են եկել տարածաշրջանի ճանապարհներն ու հաղորդակցության ուղիները բացելու վերաբերյալ: Ըստ նրա. «Առաջնորդները համաձայնել են, որ անհրաժեշտ է ապաշրջափակել տրանսպորտային կապերը, եւ պայմանավորվել են, թե ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը Արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ, Հայաստանի տարբեր հատվածների միջեւ Ադրբեջանի տարածքով»:
Ավելի ուշ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պարզաբանեց հայտարարության՝ «Հայաստանի տարբեր մասերի միջեւ Ադրբեջանի տարածքով հաղորդակցության» մասին արտահայտությունը: Ըստ Գրիգորյանի՝ «Խոսքն այն մասին է, որ օրինակ՝ Հայաստանի քաղաքացիների եւ բեռների համար Երասխից Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքով հնարավոր լինի հասնել Մեղրի եւ հակառակ ուղղությամբ»: Նա նաեւ հիշեցրել էր, որ «Հայաստանի հյուսիսը հարավին կապող երկաթուղին անցնում է Նախիջեւանով»:
Կողմերը դեռ երկար կբանակցեն ճանապարհներն ու հաղորդակցության ուղիները բացելու, այդ թվում՝ երկաթուղու այդ հատվածը վերագործարկելու շուրջ: Մանավանդ որ համաձայնության հասնելուց հետո խնդիր է այդ երկաթուղու վերագործարկումը. դեռ պետք է կառուցվի Մեղրիի երկաթգծի մի հատվածը, որը քանդվել էր դեռ 2000-ականներին։ Այնպես որ, այս խմորը դեռ շատ ջուր կքաշի։
Մինչ այդ, նկատենք, Հայաստանում երկաթուղին որպես բեռնափոխադրման միջոց այնքան էլ շատ չի օգտագործվում, թեեւ ընդունված է համարել, որ այն շատ ավելի մատչելի է, քան օրինակ՝ ավտոմոբիլային կամ օդային տրանսպորտը:
Եվ այսպես, 2021-ին Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը եղել է 17,2 մլն տոննա, որից միայն 3.1 մլն տոննա բեռն է տեղափոխվել երկաթուղով: Իսկ 2020-ին 14.8 մլն տոննա բեռից երկաթուղային ճանապարհով փոխադրվել է 3.2 մլն տոննան: Այսինքն՝ եթե 2020-ին երկաթուղով բեռնափոխադրումները եղել են ընդհանուրի 21.5 տոկոսը, ապա արդեն հաջորդ տարի այս ցուցանիշը դարձել է 18.1 տոկոս:
Դեռ ավելին, երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները հատկապես վերջին երկու տարիներին սկսել են նվազել: Եթե 2020-ին այդ անկումը 0.4 տոկոս էր, 2021-ին դարձել է 2.4 տոկոս: Վիճակագրական կոմիտեից նաեւ տեղեկանում ենք, որ այս տարվա առաջին եռամսյակում իրականացված 3.6 մլն տոննա բեռից երկաթուղով տեղափոխվել է 651.8 հազար տոննան, մի ցուցանիշ, որը 3.6 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից:
Հայաստանը երկաթուղային ճանապարհով ներկրել կամ արտահանել է հիմնականում հանքահումքային արտադրանք՝ սեւ մետաղ, գունավոր մետաղների հանքաքար, նաեւ վառելիք՝ նավթ կամ նավթամթերք, քարածուխ, շինանյութեր, ինչպես, օրինակ՝ ցեմենտ եւ վերջապես՝ հացահատիկ:
Երկաթուղու՝ որպես բեռնափոխադրումների անհամեմատ էժան միջոցի, պարապության պատճառը կարելի է ենթադրել. Հայաստանի նման երկրի համար, որին հարեւաններից երկուսը շրջափակել են, եւ որոնց հետ չկան հարաբերություններ, երկաթուղին անհարմար է:
Մեկ ուշագրավ փաստ եւս. ի տարբերություն բեռնափոխադրումների՝ Հայաստանում ավելացել են երկաթուղով ուղեւորափոխադրումները. 2021-ին՝ նախորդ տարվա համեմատ 56.9 տոկոսով։ Երկաթուղով ուղեւորափոխադրումներն ավելացել են նաեւ 2022-ի առաջին եռամսյակում՝ 25.1 տոկոսով։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: