Շառլ Միշելի երեկվա հայտարարությունը չի փակում ՔՊ-ի «օդերն» իշխանության մեջ, բայց ՔՊ-ին զրկում է լեգիտիմությունից։
Բոլորս էլ գիտենք, որ լեգիտիմ է այն ուժը, որին իշխանություն է տվել ժողովուրդը արդար, ազատ եւ թափանցիկ ընտրությունների միջոցով։ Իսկ լեգիտիմություն «մուրում» են նախընտրական ծրագրով։ Ես չէի ասի, թե ժողովուրդը ՔՊ-ին քվե տվեց հենց նախընտրական ծրագրի համար։ Կար այլընտրանք՝ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյանը, եւ դա բավական էր, որ ՔՊ-ն հաղթի։
Եթե ՔՊ-ի նախընտրական ծրագրում գրված լիներ՝ «Արցախը Ադրբեջան է եւ վերջ», հազիվ թե այն կառավարող քաղաքական ուժ դառնար։ Գրված չէր։ Հետեւաբար 2021-ին ՔՊ-ն դարձավ՝ ձեռք բերելով ջախջախիչ լեգիտիմություն։
Իսկ ի՞նչ էր գրված «Քաղաքացիական պայմանագրի» 2021-ի ԱԺ ընտրությունների նախընտրական ծրագրում Արցախի մասով։ «Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման եւ Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով»։
Իսկ ի՞նչ է նշված Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի երեկվա հայտարարության մեջ։ Գրված է. «Ես ընդգծեցի երկու առաջնորդների համար, որ անհրաժեշտ է անդրադարձ կատարել Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքներին եւ անվտանգությանը»։
Պարզ է, որ առաջիկա բոլոր բանակցություններն ընթանալու են այս դրույթի «քավորությամբ»։ Իսկ դրույթն այն մասին է, որ այլեւս որեւէ կարգավիճակ եւ «Անջատում հանուն փրկության» սկզբունք չեն քննարկվում։ Քննարկվում են Ադրբեջանի կազմում Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Վերջ։
Ըստ իս՝ Շառլ Միշելի արձանագրածն իրատեսական է հակամարտության լուծման համար, բայց ոչ Ղարաբաղի ժողովրդի։ Ղարաբաղի ժողովուրդը պիտի որոշի՝ մնա՞լ Ադրբեջանի կազմում, թե՞ չմնալ։ Իսկ Հայաստանն արձանագրում է, որ Ղարաբաղի հետ այլեւս կապ չունի, բայց տեր է, քանի դեռ խաղաղության պայմանագիր չկա։
ՔՊ 2021-ի նախընտրական ծրագրում նշված է՝ «Անջատում հանուն փրկության» սկզբունքն իրավունք է տալիս ժողովուրդներին ինչպես անջատվել որեւէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված հետեւանքներին։
Բրյուսելում Փաշինյանը «համոզվել» է, որ Ադրբեջանի կազմում Ղարաբաղին ոչինչ չի սպառնում, ղարաբաղցիներն ադրբեջանցիների հետ ջան-ջիգյար հարաբերվելու են, ու չի լինելու ցեղասպանվելու որեւէ վտանգ։
Ես չեմ ասում, որ Փաշինյանը սխալ է վարվել, չեմ ասում, որ նա իրատես չէ, չեմ ասում, որ նա չի մտածում տարածաշրջանը հակամարտություններից զերծ պահելու մասին։ Ես ասում եմ՝ այս ամենը նրա նախընտրական ծրագրում չկա։
Այսպիսով՝ Շառլ Միշելի հայտարարությունից հետո գոնե Ղարաբաղի հարցի մասով ՔՊ-ն կորցնում է լեգիտիմությունը, եւ ամենացավալին այն է, որ սա շահարկելու համար այսօրվա ընդդիմությունը որեւէ բանական խոչընդոտ չունի։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: