Ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մայիսի 24-ին արած հայտարարության, ըստ որի՝ ահաբեկչական սպառնալիքների դեմ պայքարի շրջանակում Անկարան մտադիր է ռազմական գործողություն ծավալել երկրի հարավային սահմանների երկայնքով՝ 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծելու նպատակով, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ Սիրիային անհրաժեշտ է մարդասիրական օգնություն, այլ ոչ թե ռազմական միջամտություն:
«Մենք աջակցում ենք Սիրիայի տարածքային ամբողջականությանը, Սիրիան այլեւս ռազմական գործողությունների կարիք չունի: Այդ երկրին անհրաժեշտ են քաղաքական լուծում եւ մարդասիրական օգնություն»,- շեշտել է Դյուժարիկը։
Իր հերթին թուրք լրագրող Ռաջիփ Սոյլուն թիվիթերյան գրառման մեջ նշել է, թե Էրդողանը նկատի ունի Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ջոկատների կողմից վերահսկվող տարածքը։
Ըստ Էրդողանի՝ ռազմական գործողությունը կսկսվի թուրք զինվորականների, թուրքական հետախուզության եւ անվտանգության ուժերի նախապատրաստական աշխատանքների ավարտից անմիջապես հետո։