Ըստ ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մայիսի 24-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է Վաշինգտոնի օգնությունը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հարցում։
«ԱՄՆ պետքարտուղարն ու Հայաստանի վարչապետ Փաշինյանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման դրական լիցքերը։ Պետքարտուղար Բլինքենն առաջարկել է ԱՄՆ աջակցությունը սահմանների սահմանազատման եւ սահմանագծման ջանքերում եւ կոչ արել առաջընթաց գրանցել տարածաշրջանային տրանսպորտային եւ հաղորդակցության կապերի զարգացման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բացի դրանից, Բլինքենը վերահաստատել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ երկկողմ հիմունքներով, ինչպես նաեւ համախոհ գործընկերների աջակցությամբ, «նպաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարաժամկետ համապարփակ խաղաղության հաստատմանը»։