Կարգավորում ասելով՝ ի՞նչ ենք հասկանում։ Նախ ենթադրում եմ սահմանների բացում, փոխայցելությունների մեկնարկ, դրանից հետո՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ կամաց-կամաց երկու հարեւանների փոխադարձ ծանոթացում։
Վստահաբար, սա բավականին անվճռական մերձեցում է լինելու, բայց քանի որ այլեւս չկա գրավյալ տարածքների հարց կամ երկու կողմերի միջեւ պատերազմի որեւէ պատճառ, այս մերձեցումը գուցե մեր ենթադրածից շատ ավելի հեշտ լինի։
Նոր իրավիճակը Թուրքիան գնահատում է որպես հնարավորություն այս կարգավորման համար։ Թուրքիան, ինչպես դուք եւս նշեցիք, նպատակ ունի նախորդ յոթ-ութ տարիների ընթացքում իր այրած կամուրջները վերականգնելու եւ դա ցանկանում է սկսել ամենամոտ հարեւաններից։ Կարծում եմ՝ Թուրքիայի վերնախավը մտածում է, որ Հայաստանի հետ ապագայում կարգավորվող հարաբերություններն ինչ-որ կերպ կարող են նպաստել նաեւ Թուրքիա-Արեւմուտք խնդրահարույց հարաբերությունների դրական զարգացմանը։
Քանի որ Թուրքիան ունի տնտեսական մեծ ներուժ, շրջակա մյուս պետությունների հետ տնտեսական հարաբերությունները սովորաբար Թուրքիայի համար առավելություն են ստեղծում։ Հյուսիսարեւելյան նահանգները, թեւ շատ երկար ժամանակ բավականին ազգայնական նահանգներ են համարվում, այնուամենայնիվ ցանկանում են, որ սահմանները բացվեն, առեւտուր սկսվի։ Բացի այդ՝ կասկած չկա, որ երբ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորվեն, ճանապարհները եւս ավելի կկրճատվեն։ Կարծում եմ՝ մտածում են նաեւ ներդրումային հնարավորությունների մասին։
Թուրքիայում ես չեմ հանդիպել այն մոտեցմանը, թե մենք ինչու ենք սա անում, ինչ ենք անում, ինչ կարիք կա եւ այլն։ Վստահ եմ, կասկածներ էլ կան, բայց ընդհանուր առմամբ, հատկապես այս նոր՝ «բոլորի հետ նորից հաշտվելու ենք» քաղաքականության մեջ Հայաստանի հետ հաշտվելը եւս դիտարկվում է։ Չմոռանանք, Թուրքիան Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հաշտվեց, մինչդեռ նախկինում երկու կողմերն իրար հնարավոր բոլոր վիրավորանքները հասցրել էին։ Ավելին՝ անուղղակիորեն նաեւ պատերազմել էին։
Պատմական առումով, իհարկե, հեշտ չէ հաղթահարել մարդկանց մտքերում առկա նախապաշարմունքները, նստվածքները, ցավերը, բայց հույս ունեմ, որ կամաց-կամաց նման հնարավորություն կստեղծվի։