ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է Ուկրաինայից հացահատիկով բեռնված նավերին ուղեկցող կոալիցիայի ստեղծումը։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Արեւմտյան կոալիցիայի ստեղծումը, որը կզբաղվի Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների ապաշրջափակման հարցով, լրջորեն կսրի իրավիճակը սեւծովյան տարածաշրջանում։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ խոստացել էր, որ Ռուսաստանը չի միջամտի Լեհաստանով ուկրաինական հացահատիկի արտահանմանը։ Վարշավան Եվրամիությանը հորդորել է մատակարարումների հարցում աջակցել Կիեւին։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը պաշտպանել է գաղափարը, սակայն, ըստ բրիտանական հրապարակումների, նման միջոցառումների իրականացումն, ի թիվս այլ բաների, պահանջում է ԱՄՆ-ի աջակցությունը։
Ըստ անկախ վերլուծաբանների՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակն ու Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն առաջացրել են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ պարենային ճգնաժամը։
Քննարկել են ծովով հացահատիկի արտահանման՝ նավերով ուղեկցման հարցը
Ըստ The Times պարբերականի՝ Մեծ Բրիտանիան իր դաշնակիցների հետ համակարգում է Սեւ ծով ռազմանավեր ուղարկելու հնարավոր պլանը այն նավերին ուղեկցելու համար, որոնք ուկրաինական հացահատիկ են արտահանում:
Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսն Օդեսայից նման պաշտպանական միջանցքի ստեղծումը քննարկել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասի հետ: Ըստ ծրագրի՝ դաշնակիցների ռազմածովային ուժերը նավահանգստի շուրջ տարածքը կմաքրեն Ռուսաստանի ականներից՝ կենսականորեն կարեւոր մթերքի տեղափոխման անվտանգությունն ապահովելու նպատակով:
The Times տվյալներով՝ նախատեսավում է նաեւ Ուկրաինայում մեծ հեռահարության հրթիռներ տարածել միջանցքը սաբոտաժի ենթարկելու Ռուսաստանի բոլոր փորձերը զսպելու համար:
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը շնորհակալություն է հայտնել Դանիային, որը խոստացել է Ուկրաինային հեռահար գործողության «Գարպուն» հականավային հրթիռի խմբաքանակ տրամադրել՝ հացահատիկ արտահանող բեռնատար նավերը պաշտպանելու համար: