Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ ապրիլի 23-ին անհայտ հանգամանքներում հայ-ադրբեջանական սահմանը հատած եւ գերեվարված հայ զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին այս շաբաթ կհանձնեն հայկական կողմին:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Մարտիրոսովի հանձնման մտադրության մասին տեղեկացրել է Ադրբեջանի գերիների եւ պատանդների հարցերով տեղեկատվական կենտրոնի համակարգող Ահմեդ Շահիդովը:
Ապրիլի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ ապրիլի 23-ին զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ:
Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքներից պարզվել էր, որ Մարտիրոսովը նույն օրը դեռեւս անհայտ հանգամանքներում հատել է հայ-ադրբեջանական սահմանը եւ հայտնվել է ադրբեջանական կողմում: