ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ սահմանազատման եւ սահմանագծման, անվտանգային հարցերով արդեն որոշակի առաջընթաց կա։
Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետները եւ նրանց գլխավորած հանձնաժողովներն առաջին հանդիպմանը քննարկել են աշխատանքային եւ մեթոդական հարցերը։ Նա նշել է, որ տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների բացմանն առնչվող հարցերում որոշակի պատկերացումների համընկնումներ կան։
Միրզոյանը շեշտել է, որ «Զանգեզուրի միջանցքն» այն տրամաբանությամբ, որով շրջանառվում էր տարի, ու կես առաջ եւ որով ադրբեջանական կողմը փորձում էր ներկայացնել, Հայաստանի համար անընդունելի է, եւ կարծես թե կա համընդհանուր ընկալում, որ այդպես չի լինելու։
Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին, ՀՀ արտգործնախարարն ընդգծել է, որ առայժմ բանակցություններ են ընթանում բանակցությունների մասին։
ՀՀ արտգործնախարարը հավելել է, որ թեեւ հանրային խոսքի մակարդակում ասվում է, թե Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացն առանց նախապայմանների է, սակայն թուրք գործընկերները որոշակիորեն սինքրոնացնում են այս գործընթացը հայ-ադրբեջանական գործընթացի հետ:
«Սա, իհարկե, կառուցողական հավելյալ արժեք չի հաղորդում գործընթացին եւ ավելի կառուցողական չի դարձնում մթնոլորտը»,- շեշտել է Միրզոյանը:
Այդ առումով հատկանշական է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ ադրբեջանցի պաշտոնակցին հղած շնորհավորական ուղերձում շեշտել է, որ Անկարայի եւ Բաքվի համատեղ ջանքերը, օրինակելի համերաշխությունն ու անխախտ եղբայրությունը տարածաշրջանի խաղաղության, բարգավաճման եւ կայունության հիմնական գրավականն են:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք հավանական է, որ առաջիկայում հանդիպում տեղի ունենա Հայաստանում կամ Թուրքիայում, Միրզոյանն ասել է, որ հանդիպման վայրին այդքան մեծ կարեւորություն չի տալիս: Նա չի բացառել, որ ինչ-որ պահի, երբ գործընթացը սկսի արդեն շոշափելի հաջողություններ արձանագրել, նման հանդիպումներ կլինեն նաեւ Անկարայում եւ Երեւանում:
Ըստ ՀՀ արտգործնախարարի՝ քննարկումները շարունակվում են, թեեւ այս պահին որեւէ էական, շոշափելի արդյունք չկա: Միրզոյանը վերահաստատել է, որ հայկական կողմը հաստատակամ եւ անկեղծ է իր հրապարակային հայտնած դիրքորոշման մեջ, հետաքրքրված է սահմանի բացմամբ եւ հարաբերությունների հաստատմամբ ու կցանկանար նույնը տեսնել նաեւ Թուրքիայից:
ՀՀ արտգործնախարարը նշել է նաեւ, որ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի ժեստերը չեն նպաստում այդ գործընթացին: