Թուրքիայի նախագահական պալատում ավարտվել են թուրքական, շվեդական ու ֆիննական պատվիրակությունների՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության հարցով հինգ ժամ տեւած բանակցությունները:
Թուրքական կողմից մասնակցել են նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը եւ փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը: Բանակցությունները նախ տեղի են ունեցել յուրաքանչյուր պատվիրակության հետ առանձին, այնուհետեւ կայացել է եռակողմ հանդիպումը:
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը Շվեդիայի եւ Ֆինլանդիայի պատվիրակությունների հետ բանակցությունների արդյունքներով Անկարայում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը չի շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի պահանջները չեն կատարվել։
Քալընը հավելել է, որ ՆԱՏՕ-ն անվտանգության դաշինք է, ուստի այս դաշինքի ամենահիմնական խնդիրն այն է, որ անվտանգության մտահոգությունները հավասարապես եւ արդարացիորեն փարատվեն դաշինքի բոլոր անդամների համար։ Նա շեշտել է, որ Անկարան ձգտում է, որ կոնկրետ միջոցներ ձեռնարկվեն ահաբեկչական կազմակերպությունների դեմ։