Անհիշելի ժամանակներից ապրում ենք այս տարածաշրջանում։ Բազմաթիվ հարեւաններ ենք ունեցել։ Նրանցից շատերն այսօր չկան, պատմության ընթացքից դուրս են մնացել։ Նորերն են նրանց փոխարինել: Իսկ որքա՞ն լավ ենք ճանաչում մենք մեր հարեւաններին, որոնց հետ ապրում եւ, հույս կա, դեռ ապրելու ենք։
Վահան Տերյանն «Ակակի Ծերեթելին Մոսկվայում» վերնագրով հոդված ունի։ Պատմում է, թե ինչպես է իր ռուս ընկերոջ հետ գնացել վրացի ուսանողների կազմակերպած հավաքին, որտեղ պետք է Ծերեթելու հետ հանդիպում լիներ։ Ռուսը փորձում է Տերյանից պարզել, թե ինչ են խոսում ու հասկանալ վրացիների` Ծերեթելու հանդեպ ունեցած բուռն սիրո պատճառը. «Չգիտեմ` ասացի եւ առաջին անգամ կյանքումս ինձ շատ վատ զգացի վրացերեն չիմանալուս համար, որովհետեւ ես չգիտեի անգամ, թե ի՞նչ է գրել Ծերեթելին: Ի՞նչ կարող էի պատասխանել հարցասեր ռուսին, որը գիտեր, որ ես հայ եմ, բայց հավատացած էր, որ ես պիտի լավ ճանաչեմ վրացիներին: Եվ իրավացի էր իմ ծանոթ ռուսը` սպասելով, որ ես ավելի տեղյակ կլինեմ մեր դարավոր հարեւան մոտիկ մի ժողովրդի կյանքին ու գրականությանը: Սակայն քանի՞ հայ կարող է պարծենալ մի այդպիսի գիտությամբ»:
Սա ցուցիչ է։ Տերյանից շատ ժամանակ է անցել, բայց չենք կարող ասել, թե շատ բան է փոխվել։ Մենք մեր հարեւաններին լավ չենք ճանաչում, ճանաչել չենք ցանկանում։ Նրանց մասին խոսելիս, նրանց վերաբերվելիս առաջնորդվում ենք կաղապարներով։ Կաղապարներով, որոնք մենք ենք ստեղծել։ Դժգոհում ու բողոքում ենք։ Մեր նկատմամբ հատուկ վերաբերմունք ու հատուկ հարգանք ենք ակնկալում, ինքներս ընդառաջ քայլ չենք անում։
Վրացիներին, օրինակ, անհասկանալի հակահայկականություն ենք վերագրում եւ մեր վերագրումները հիմք ընդունելով՝ հեռուն գնացող հետեւություններ ենք անում։ Չենք էլ նկատում, որ մեր փակ սահմանների պարագայում Վրաստանը մեզ համար դեպի աշխարհ լայն բացված դուռ է եղել ու մնում։
Էլ ավելի կաղապարված ենք, երբ խոսքը ադրբեջանցիներին ու թուրքերին է վերաբերում։ Այս ժողովուրդներին ի սկզբանե որպես թշնամիների ենք ընդունում։ Նրանց հետ զրուցելը, նրանց հետ ապագա քննարկելը, նրանց հետ համակեցությունը դիտարկում ենք որպես անթույլատրելի ու դատապարտելի արարք՝ դավաճանություն ու պարտվողականություն։
Թուրքը մեզ համար թշնամու մարմնացում է: Հավերժական ոսոխի խտացված կերպար: Սա է նրանց մասին մեր ողջ իմացածը: Հազար տարի է՝ ապրում ենք թուրքերի հետ միասին: Ապրել ենք նույն երկրում, նույն քաղաքների հարեւան փողոցներում կառուցել ենք մենք մեր եկեղեցիները, նրանք` իրենց մզկիթները, մեր գյուղերը, մեր գերեզմանները վերջապես եղել են իրար կողքի, բայց այդ ժողովրդի մասին ոչինչ չգիտենք: Ոչինչ, բացի նրանից, որ նրանք քոչվոր հորդաներ, բարբարոսներ ու եղերագործներ են:
Մեր հազարամյա հարեւանը մեր պատկերացումներում կերտվել է ոչ թե այնպիսին, ինչպիսին կա իրականում` իր դրական ու բացասական կողմերով հանդերձ, այլ այնպես, ինչպես մենք ենք կերտել՝ ելնելով հիմնականում 19-20-րդ դարերի ցավոտ զարգացումների արդյունքում ծնված մեր պատկերացումներից: Արդյունքում մեր ճանաչած թուրքը իրական թուրքի հետ կարող է եւ կապ չունենալ։ Մեր նկարագրած կերպարում կամայական մեկը թուրքին հազիվ թե ճանաչի, եթե այդ մեկը հայ չէ:
Ցանկանանք, թե չցանկանանք՝ ապրել եւ ապրելու ենք այս միջավայրում։ Այստեղից չենք հեռանալու։ Նաեւ չենք կարողանալու հեռացնել հարեւաններին։ Ուրեմն պետք է ճանաչենք նրանց ու պայմաններ ստեղծենք, որ նրանք էլ մեզ ճանաչեն։ Պետք է հակասությունների վրա շեշտը դնելու փոխարեն գտնենք ընդհանրություններ։ Ընդհանրությունների վրա կառուցենք այնպիսի հարաբերություններ, որոնց արդյունքում հակասությունները կսկսեն մեղմանալ ու ժամանակի ընթացքում իրենց լուծումները կգտնեն։
Եթե ցանկանում ենք, որ մեր միջավայրը լինի խաղաղ, որ մեր սերունդներն ապրեն բարեկեցիկ կյանքով, որ պատերազմ չգնան, որ չթիրախավորեն հարեւանին, ու իրենք չհայտնվեն նրանց թիրախում, պետք է ընդունենք մեր հարեւաններին այնպիսին, ինչպիսին նրանք կան։ Պետք է հարմարվենք մեր միջավայրին։ Պետք է տեղավորվենք այդ միջավայրում։ Պետք է ճանաչենք ու յուրացնենք մեր միջավայրը, որ մեզ էլ ճանաչեն ու յուրացնեն։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։