Նիկոլ Փաշինյանն ինտրիգը երկար չձգեց ու երեկ խորհրդարանում հնչեցրեց «շատ կարեւոր բացահայտումը», որով սպառնացել էր ընդդիմությանը ԱԺ-կառավարություն նախորդ հարցուպատասխանի ժամանակ: Բայց ինչպես եւ կարելի էր կռահել, Փաշինյանի խոստացած «շատ կարեւոր բացահայտումը» ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի գրիչի հայտնի պատմության նման մի բան էր. հազիվ թե նա ունենար լուրջ փաստեր եւ այսքան ժամանակ լռեր:
Փաշինյանի խոստացած «շատ կարեւոր բացահայտումն» այն մասին է, որ 2007 թվականին Հայաստանը, ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունների հիմք ընդունելով Մադրիդյան սկզբունքները, ըստ էության ապալեգիտիմացրել է Ղարաբաղի՝ 1991-ի անկախության հանրաքվեն, քանի որ այդ փաստաթղթում նշված է, թե Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը պետք է որոշվի ապագայում տեղի ունենալիք հանրաքվեի միջոցով:
«Երբ հայկական կողմն ընդունել է, որ ապագա հանրաքվեն պետք է տեղի ունենա Ադրբեջանի հետ փոխհամաձայնության պայմաններում, ինքը կտրել է այն ճյուղը, որի վրա մենք բոլորս նստած ենք եղել, որովհետեւ եթե, ինչպես մենք արդարացիորեն ասել ենք, Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, բա ինչի՞ ենք Ադրբեջանի հետ քննարկում նրա նոր կարգավիճակ ստանալու հարցը…»,- ասում է Փաշինյանը:
Նա իհարկե միանգամայն ճիշտ է իր պնդումներում, թե բանակցությունների հիմք ընդունելով Մադրիդյան սկզբունքներն ու համաձայնելով Արցախի ապագա կարգավիճակի հարցով ապագայում հանրաքվե անցկացնելու մտքին՝ Հայաստանի ժամանակվա իշխանությունները՝ Ռոբերտ Քոչարյանը, ապա՝ Սերժ Սարգսյանը, ըստ էության, ապալեգիտիմացրել են Ղարաբաղի անկախության հանրաքվեն: Բայց սա ամենեւին էլ նորություն չէ, ոչ էլ ինչ-որ «շատ կարեւոր բացահայտում», որով կարելի էր սպառնալ ընդդիմությանը: Սրա մասին շատ է խոսվել ու բավական վաղուց: Չորս տարի պետությունը ղեկավարող Նիկոլ Փաշինյանն է գուցե նոր իմացել եւ իր համար շատ կարեւոր բացահայտում արել:
Դեռեւս 2020 թվականի սեպտեմբերին՝ պատերազմից օրեր առաջ, գրել էր ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ նկատելով, որ 2007-ի մադրիդյան սկզբունքներում ամրագրված «ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով» դրույթով ըստ էության մերժվում էր Ղարաբաղի սուբյեկտայնությունը:
«Սրանով, փաստորեն, մերժվում է 1991 թվականի դեկտեմբերի 10-ի Անկախության մասին հանրաքվեն, որով Արցախի ժողովուրդը հռչակեց միջազգային իրավունքի սուբյեկտ դառնալու իր կամքի մասին։ Լեռնային Ղարաբաղը պետք է նորից արտահայտի իր կամքը մի հարցի վերաբերյալ, որի մասին նա ո՛չ միայն արդեն արտահայտվել է, այլեւ դրանի՛ց հետո արդեն 29 տարի է (2007 թվականին՝ 16 տարի էր), ինչ ունի մի պետություն, որը կառուցվել է հենց 1991 թվականի կամարտահայտության հիմքի վրա»:
Հետո Լեւոն Զուրաբյանը սրան անդրադարձել էր նաեւ արդեն այս տարվա ապրիլին իր մի հրապարակման մեջ, երբ հակադարձել էր ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հոդվածին՝ նշելով. «Մադրիդյան սկզբունքները ձեւավորվեցին ետՔիՎեստյան բանակցային կոնտեքստում, որում արդեն ոչնչացված էր Լեռնային Ղարաբաղի միջազգային իրավասուբյեկտայնությունը, ընդ որում` «շնորհիվ» Ռոբերտ Քոչարյան -Վարդան Օսկանյան զույգի փառապանծ դիվանագիտական ջանքերի… Լեռնային Ղարաբաղի իրավասուբյեկտայնություն Մադրիդյան սկզբունքներում այլեւս չկա, այն պիտի նոր ձեւավորվի անորոշ պայմաններում եւ անորոշ ժամկետում անցկացվող հանրաքվեում… բացի դրանից, Ադրբեջանին վերապահված է իրավունք՝ թույլ չտալու հանրաքվեի անցկացման որեւէ պայման, որը հնարավորություն կտար Արցախին` ստանալու անկախ կարգավիճակ»։
Այնպես որ, որեւէ բացահայտման մասին խոսելն իսկապես ավելորդ է: Գոնե որոշակի շրջանակների համար սա ամենեւին էլ նորություն չէր:
Նիկոլ Փաշինյանի եւ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի համար Արցախի հարցը դարձել է ներքաղաքական շահարկումների թեմա՝ միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելու եւ վերջապես գործընթացի տապալումն ու պատերազմի պարտությունն իրար վրա բարդելու համար: Եվ այս տեղապտույտի մեջ հենց այն ուժերն են, որոնց գործունեության հետեւանքն է ստեղծված իրավիճակը։ Նրանք հավասարապես մասնակից են եղել Արցախի խնդրում ձախողումների ողջ շղթայի եւ որպես վերջնարդյունք՝ կապիտուլյացիայի համար, պարզապես նրանցից ամեն մեկը պատասխանատու է իր դրվագով:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: