Ազգային ժողովը 67 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ մայիսի 25-ին ընդունել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։
Ընդունված օրինագծով սահմանվում է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան համավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից։
Ընդ որում, լրագրողին հավատարմագրած պետական մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը կարող է դադարեցվել, եթե հավատարմագրման դադարեցման սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված, այսինքն, աշխատանքային կանոնների խախտման համար նախատեսված գրավոր նախազգուշացվելուց հետո մեկ տարվա ընթացքում լրագրողը կրկին խախտել է այդ կանոնները։
Նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը շեշտել է, որ լրատվամիջոցը չի զրկվում պետական հաստատությունում հավատարմագրումից, զրկվում է կոնկրետ լրագրողը, որը խախտել է այդ հաստատության աշխատանքային կանոնները։
Հովհաննիսյանն այսօր՝ մայիսի 26-ին, խորհրդարանական ճեպազրույցում հայտնել է, որ օրենքը բացարձակապես կապ չունի էթիկայի հետ: Խոսքը պետական մարմիններում աշխատանքային գոտու կանոնների մասին է, որոնք ամրագրված են հավատարմագրման կարգի մեջ:
«Լրագրողների համար կանխատեսելի է իրենց աշխատանքը պետական մարմիններում, նրանք գիտեն, թե որոնք են աշխատանքային կանոնների խախտումները: Եվ ես բացառում եմ որեւէ դեպք, որը կարող է ենթադրել, որ ինչ-որ հայեցողությամբ, ինչ-որ սուր հարցի հիմքով որեւէ լրագրողի հավատարմագրման վերաբերյալ բողոք լինի կամ հավատարմագրումը դադարեցվի»,- պնդել է նախագծի համահեղինակը:
Գործող օրենքով՝ պետական կառույցը չի կարող դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, դա կարող է անել միայն լրագրողին հավատարմագրած լրատվամիջոցը։