Ըստ իտալական La Repubblica-ի՝ Միլանի դատախազությունը պահանջել է Իտալիայի նախկին վարչապետ 85-ամյա Սիլվիո Բեռլուսկոնիին դատապարտել 6 տարվա ազատազրկման՝ անչափահաս մարմնավաճառների ծառայություններից օգտվելու մեղադրանքով մեկ այլ դատավարության ժամանակ վկաներին կաշառք տալու գործով։
Մեղադրող կողմը պահանջում է որպես տուգանք քաղաքական գործչից առգրավել 10 միլիոն եվրո:
Նախկինում քաղաքական գործիչը լիովին արդարացվել էր դատական բոլոր ատյաններում վկաների՝ Բեռլուսկոնիի անձնական վիլլա այցելած աղջիկների ցուցմունքների հիման վրա։ Ավելի ուշ դատախազությունը նրանց կասկածել է վճարի դիմաց սուտ մատնության համար։
Գործով կա 28 մեղադրյալ, որոնցից 20-ը՝ աղջիկ։ Նրանց բոլորին սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում։ Մեղադրական ճառի ժամանակ դատախազը հայտարարել է, որ Բեռլուսկոնին ստեղծել է «սեռական ստրկության ցանց»։