Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել են էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Չեռնոգորիայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծառ կտնկի Հիշողության պուրակում:
ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա նախագահներ Վահագն Խաչատուրյանի եւ Միլո Ջուկանովիչի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Հայաստանի եւ Չեռնոգորիայի նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:
Այցի շրջանակում Չեռնոգորիայի նախագահը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Հայաստան այցի ընթացքում Չեռնոգորիայի նախագահը կայցելի նաեւ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: