Հինգ տարի առաջ քաղաքից համայնք դարձած Ալավերդին վեց բնակավայր է միավորում։ Շուտով այդ թիվը հինգ անգամ կմեծանա, համայնքն էլ շրջան կդառնա։ Խոշորացման նոր գործընթացով կառավարությունը մտադիր է Ալավերդուն միացնել արդեն խոշորացված Օձունը, Ախթալան եւ Շնողը։
Շրջանառվում է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը։ Այն հանրությանը ներկայացնելու նպատակով օրեր առաջ նշված համայնքներ էր այցելել ՏԿԵ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը Աժ պատգամավոր Արեն Մկրտչյանի եւ Լոռու մարզպետարանի պաշտոնյաների հետ։
Օձունում նախատեսված հանրային քննարկումը չկայացավ։ Համայնքապետ Արսեն Տիտանյանը հայտարարեց, որ նոր խոշորացման վերաբերյալ ավագանու, վարչական ղեկավարների եւ բնակչության հետ բազմաթիվ քննարկումներ արդեն եղել են, եւ իրենք դեմ են խոշորացմանը։ Ուստի քննարկումն անիմաստ համարելով՝ համայնքապետը լքեց դահլիճը, աշխատակազմի անդամներն էլ՝ նրա հետեւից։ Մնացին բնակիչներից մեկ-երկուսը։
«Առանց համայնքների կարծիքը հաշվի առնելու նախագիծ է արվում, եւ արդեն կառավարություն ներկայացնելու փուլում ձեւական կողմն են պահում։ Խոշորացումը պետք է հիմնավորված լինի, թե որն է լինելու դրա արդյունավետությունը»,- «Ալիք Մեդիա»-ին ասաց Օձուն համայնքի ղեկավարը։
Օձունցիները, որ հանրային քննարկումից հիմնականում տեղյակ չէին, ասացին՝ լսել են նոր խոշորացման մասին։ Ոմանք այս գործընթացից գյուղացու կյանքի բարելավման ակնկալիք ունեն, մի մասն էլ թերահավատ է՝ բան չի փոխվելու։
Անասնապահ Արարատ Ղարիբյանը համոզված է՝ խոշորացում կլինի, բայց առանց ժողովրդի ձայնը լսելու։ Մինչդեռ, ասում է, միավորման արդյունքում առաջացած խնդիրներին գյուղացին է բախվում։
«Ժամանակին էլ Թումանյանի շրջան էր, բայց էն ժամանակ գյուղատնտեսությամբ զբաղվող կար, մասնագետներ ունեինք, իսկ հիմի մասնագետ չկա՝ ո՛չ անասնապահության, ո՛չ դաշտավարության, ո՛չ այգեգործության։ Ոչ մեկը դրանով չի զբաղվում, խորհրդատվություն չկա։ Անարդյունավետ ծախսեր են անում՝ առանց մարդկանց հարցնելու։ Սպանդանոցներ սարքեցին, ու էսօր դրանք չեն աշխատում։ Գյուղում տասը երեխա չկա՝ մանկապարտեզ են սարքում։ Առաջին հերթին աշխատատեղ ստեղծի, թող մարդիկ ամուսնանան, երեխա ունենան, նոր դպրոցի ու մանկապարտեզի մասին կմտածեք»,- ասաց դաշտ շտապող գյուղացին։
Գյուղացիների՝ խոշորացմանը կողմ կամ դեմ լինելն Աշոտ Գիլոյանն այսպես պարզաբանեց՝ «այո» կամ «ոչ» լսելու համար չեն եկել համայնքներ, այլ մարդկանց տեղեկացնելու։ Ըստ պաշտոնյայի՝ գյուղացիները նախ պետք է իմանան խոշորացված համայնքի առավելությունների մասին, օրինակ՝ այն, որ պետական բոլոր ծառայությունները տեղում իրենց հասանելի են դառնալու։
«Պետական իշխանության գրասենյակների կողմից մատուցվող վեց բլոկ ծառայություններ (կադաստրի կոմիտեի, պետռեգիստրի, միգրացիայի, ՃՈ եւ այլն) փոխանցելու ենք համայնքներին։ Քաղաքացիների սպասարկման գրասենյակներում դրանք մատուցվելու են: Որտեղ գրասենյակ չկա, լինելու է»,- ասաց Աշոտ Գիլոյանը, ապա շարունակեց՝ եթե ծառայությունները հասանելի չեն, համայնքում չկա մանկապարտեզ, աղբահանություն եւ այլն, գյուղացին փախչում է գյուղից․ վերջին 30 տարիների ընթացքում ժողովուրդը ոչ բավարար ծառայություններ ստանալու պատճառով է գնացել։
Խոշորացմանը դեմ լինելու տրամաբանությամբ ախթալեցիները նույնպես չլսեցին նախարարությունից եկած բանախոսին։ Իսկ համայնքը ղեկավարող Արկադի Թամազյանն Ալավերդուն միանալու մեջ, ասաց, խնդիր չի տեսնում, իմաստ՝ նույնպես։ Նրա կարծիքով՝ նախկին խոշորացման արդյունքում Ախթալան զարգացող համայնք է դարձել, բոլորն են դա տեսնում, եւ լավ կլիներ՝ հիմա առանձին մնար։
Արդեն Ալավերդու համայնքապետարանում ՏԿԵ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանն անդրադարձավ համայնքների խոշորացման շրջանային մոդելին՝ նշելով, որ այս գործընթացում կառավարության վերջնական նպատակը ապակենտրոնացումն է՝ պետական կառավարման եւ տարածքային կառավարման մարմինների լիազորությունների փոխանցումը ուժեղացված համայնքներին։
«Մենք առանձին Ախթալային, Օձունին, Շնողին, Ալավերդուն դպրոցի կամ սոցիալական, առողջապահության ոլորտների կառավարում փոխանցել չենք կարող։ Մասշտաբը մեծացնելու իմաստը դա է»,- ասաց պաշտոնյան։
Համայնքների ուժեղացման եւ կառավարման նոր լիազորությունների պատվիրակման պայմաններում մարզպետարանների գոյությունն «անիմաստ» որակեց երկարամյա լրագրող, «Թումանյանական աշխարհ» թերթի խմբագիր Արարատ Թամրազյանը։ Նա հարց ուղղեց Գիլոյանին՝ արդյո՞ք կառավարությունն այդ կառույցը լուծարելու ուղղությամբ չի մտածում։
Պատասխանը բացասական էր։ Աշոտ Գիլոյանը մարզպետարանի գործառույթների կարեւորությունը սկսեց բացատրել հարց տվողին, ապա շարունակեց՝ Լոռու խոշոր համայնքներին, որ էդ լիազորությունները փոխանցենք, ո՞վ պիտի վերահսկողություն իրականացնի։
Ի դեպ, խոշորացման թեմայով քննարկմանն Ալավերդու հասարակությունը նույնպես բացակա էր։ Դահլիճում սովորականի պես համայնքապետարանի աշխատակազմի անդամներն ու բնակավայրերի վարչական ղեկավարներն էին, մի քանի լրագրող եւ հասարակական կազմակերպության մեկ ներկայացուցիչ։
Քննարկման առանցքային հարցերից մեկն էլ Թումանյան համայնքին էր վերաբերում, որ խորհրդային տարիներին Ալավերդու շրջանի կազմում է եղել։ Եթե պետությունն առաջնորդվում է «համայնքը որքան մեծ, այնքան ուժեղ տրամաբանությամբ, ապա ինչո՞ւ շրջանային մոդելով խոշորացվող Ալավերդուն Թումանյանը նորից չի միանում»։ Հարցադրումը «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանինն էր։
«Մոտկորի տարածաշրջանն ընդամենը մի քանի ամիս առաջ է խոշորացել, եղել են ընտրություններ, եւ նպատակահարմար չէ էդ ժողովրդին մի քանի ամիս հետո նորից տանել ընտրության։ Միգուցե Ալավերդու այս խոշորացումից անցնի 4-5 տարի, Մոտկորի հարցն էլ լուծվի»,- պարզաբանեց Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը։
Ալավերդին, Ախթալան, Շնողը եւ Օձունը կմիավորվեն՝ անկախ հանրային քննարկումներից ու ժողովրդի համաձայն լինել-չլինելուց, ինչպես նախկինում է եղել։ Թեեւ տարիներ առաջ ժողովուրդն իր կարծիքը հանրաքվեի միջոցով հայտնելու հնարավորություն է ունեցել, բայց դա էլ ոչինչ չի փոխել։ Ժողովրդի «այո»-ն կամ «ոչ»-ն, ըստ օրենքի, ոչ թե պարտադիր, այլ խորհրդատվական նշանակություն է ունեցել։
2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում հանրաքվեի ինստիտուտը հանվել է։
«Աշխարհում տենց երկիր չկա, որ հանրաքվեով վարչատարածքային բաժանում անի, դա կառավարության բացառիկ լիազորությունն է։ Անցած տարի դեկտեմբերին մնացած համայնքների հետ կարող էինք իրենց էլ տանել խոշորացման, բայց քաղաքական խոստում էր եղել, որ պետք է սպասենք, մինչեւ համայնքապետների պաշտոնավարման ժամկետը լրանա։ Ընտրությունը սեպտեմբերի 25-ին է, եւ մենք շրջանառում ենք օրենքի նախագիծը, որպեսզի ընտրության գնանք արդեն խոշորացված Ալավերդի համայնքով»,- եզրափակեց ՏԿԵ նախարարության ներկայացուցիչը։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։