ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 26-ին ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանին:
Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի առաջնահերթ խնդիրներից է 44-օրյա պատերազմի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանությունը ոչնչացումից։
Նա մեծապես կարեւորել է միջազգային հանրության, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի անխոչընդոտ ներգրավվածությունը՝ Լեռնային Ղարաբաղի հայկական հուշարձանները պահպանելու եւ վանդալիզմի շարունակվող դեպքերը կանխելու նպատակով։
Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստանի տարածքում պատմամշակութային հուշարձանների պահպանության եւ վերականգնման ուղղությամբ համագործակցության հարցեր:
Մտքեր են փոխանակվել ամրապնդման եւ թվայնացման աշխատանքների, անհրաժեշտ ենթակառուցվածքների ձեւավորման, փորձի փոխանակման եւ մասնագետների վերապատրաստման հնարավորությունների շուրջ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտությունը հրատապ է դառնում
Վալերի Ֆրելանին ընդունել է նաեւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանը նշել է, որ 44-օրյա պատերազմի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությունը ոչնչացումից ու ինքնության խեղաթյուրումից Հայաստանի առաջնահերթ խնդիրներից մեկն է:
Ընդգծվել է, որ հայկական 2000-ից ավելի մշակութային օբյեկտների եւ 21000 թանգարանային ցուցանմուշների ամբողջական ոչնչացման լուրջ վտանգ է սպառնում:
Ստեղծված իրավիճակում առավել հրատապ է դառնում միջազգային հանրության, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտությունը եւ տեղում անխոչընդոտ ներգրավվածությունը՝ համամարդկային մշակութային ժառանգության մաս կազմող Լեռնային Ղարաբաղի հայկական հուշարձանները պահպանելու եւ վանդալիզմի շարունակվող դեպքերը կանխելու նպատակով։
Քննարկվել են նաեւ ԱԼԻՖ-ի՝ Տավուշի եւ Սյունիքի մարզերի հայկական պատմամշակութային հուշարձանների նկարահանման եւ դրանց 3D ձեւաչափով թվայնացման նպատակով կատարված աշխատանքները եւ այս ուղղությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերը:
ԱԼԻՖ-ը եզակի նախաձեռնություն է
ԱԼԻՖ-ը ստեղծվել է 2017-ին Ֆրանսիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների համագործակցությամբ։
Ժառանգության պաշտպանության եւ վերականգնման առաջամարտիկ ԱԼԻՖ-ը եզակի նախաձեռնություն է՝ ուղղված հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության մարտահրավերների հաղթահարմանը։
ԱԼԻՖ-ը միջազգային կազմակերպության եւ միաժամանակ մասնավոր հիմնադրամի կարգավիճակ ունի։