Թուրքիայի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել:
Երկրների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային գործընթացները, ներառյալ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ տեղի ունեցող իրադարձությունների թեման, ինչպես նաեւ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ՆԱՏՕ-ին միանալու դիմումները։
Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջեւ արագ եւ արդար խաղաղություն կհաստատվի։ Նա նշել է, որ Անկարան շարունակում է խրախուսել բանակցային եւ դիվանագիտական ճանապարհով խնդիրների լուծմանը։
Թուրքիայի նախագահը պնդել է, թե Շվեդիայի եւ Ֆինլանդիայի շփումները Քրդական աշխատավորական կուսակցության եւ սիրիական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» ենթակայության ներքո գտնվող անհատների եւ կազմակերպությունների հետ չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի ոգուն:
Մակրոնն Էրդողանին կոչ է արել հարգելու ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի որոշումը: Նա ընդգծել է, որ դա այդ երկրների ինքնիշխան որոշումն է: Ֆրանսիայի նախագահը հույս է հայտնել, որ շուտով Թուրքիան կհանի վետոն։