ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն հունիսին Մադրիդի գագաթնաժողովում դաշինքի նոր ռազմավարությունը քննարկելիս Ռուսաստանին չի դիտարկի որպես ռազմավարական գործընկեր:
Ստոլտենբերգն ընդգծել է, որ ռազմավարական հայեցակարգը ՆԱՏՕ-ի ամենակարեւոր փաստաթուղթն է՝ Վաշինգտոնի պայմանագրից հետո։ Վերջին ռազմավարական հայեցակարգը համաձայնեցվել է 2010-ին․ դրանից հետո աշխարհը արմատապես փոխվել է, եւ դա պետք է արտացոլվի նոր ռազմավարական հայեցակարգում։ Գլխավոր քարտուղարը նշել է, որ, օրինակ, ներկա ռազմավարության մեջ Ռուսաստանն անվանվում է ռազմավարական գործընկեր, իսկ Չինաստանը նշված չէ։
«ՆԱՏՕ-ի հաջողությունը հիմնված է փոփոխվող աշխարհում փոխվելու նրա ունակության վրա: Նոր ռազմավարական հայեցակարգը ուղերձներ է ուղարկելու՝ Ռուսաստանի դեմ մեր ռազմական դիրքերն ամրապնդելու համար»,- ասել է Ստոլտենբերգը։