Չինաստանը եւ Ռուսաստանը վետո են դրել Հյուսիսային Կորեայի դեմ բալիստիկ հրթիռների արձակման վերսկսման առնչությամբ ՄԱԿ-ի լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու Միացյալ Նահանգների նախաձեռնության վրա: Քվեարկությունից մեկ օր առաջ՝ մայիսի 25-ին, Հյուսիսային Կորեան երեք հրթիռ էր արձակել:
Սա Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների առնչությամբ առաջին հրապարակային պառակտումն է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում 2006-ից՝ Փհենյանի նկատմամբ առաջին սահմանափակումները մտցնելուց ի վեր։
Անվտանգության խորհրդի մյուս 13 անդամները պաշտպանել են ԱՄՆ-ի մշակած բանաձեւը, որով առաջարկվում էր արգելել ծխախոտի եւ նավթի արտահանումը Հյուսիսային Կորեա. երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը մոլի ծխող է։ Բացի դրանից՝ պատժամիջոցներ էին կիրառվելու Հյուսիսային Կորեայի հետ կապ ունեցող Lazarus հաքերային խմբավորման նկատմամբ։
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդն ավելի վաղ ասել էր, թե ժամանակն է դադարեցնելու լուռ թույլտվությունը եւ սկսելու գործել։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերջին 16 տարում բազմիցս խստացրել է պատժամիջոցները՝ Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի եւ բալիստիկ հրթիռների ծրագրերի ֆինանսավորման դադարեցմանը հասնելու նպատակով: Վերջին անգամ Փհենյանի դեմ միջազգային պատժամիջոցները խստացվել են 2017-ին։