Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ երկրի արեւելքում իրավիճակն ավելի վատ է, քան բոլորը կարծում են։ Կուլեբան ընդգծել է, որ Ուկրաինային ավելի շատ զենք է անհրաժեշտ․ «Զենք, զենք ու էլի զենք»,- պնդել է նա։
«Առանց հրետանու, առանց համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի չենք կարողանա հետ մղել ռուսական զորքերը: Եթե դուք իսկապես մտածում եք Ուկրաինայի մասին, եթե ցանկանում եք, որ Ուկրաինան դեօկուպացնի իր տարածքները, հնարավորինս շուտ ուղարկեք մեզ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր»,- թվիթերյան հարցուպատասխանի ժամանակ միջազգային հանրությանն ուղղված իր ուղերձում ասել է Կուլեբան։ Նա նշել է, թե Միացյալ Նահանգների խոստացած այդ տեսակի զենքը դեռ տեղ չի հասել։
Վաշինգտոնը բանակցում է Կիեւի հետ իրավիճակի սրացում թույլ չտալու շուրջ
Ըստ Reuters գործակալության՝ մինչ Միացյալ Նահանգները եւ դաշնակիցները Ուկրաինային շարունակում են ժամանակակից սպառազինություն մատակարարել, Վաշինգտոնը բանակցություններ է վարում Կիեւի հետ իրավիճակի սրման վտանգի շուրջ, եթե ուկրաինական ռազմական հարվածները հասնեն Ռուսաստանի խորքեր:
Ամերիկյան վարչակազմի անանուն պաշտոնյան հայտարարել է, թե անհանգստացած են իրավիճակի սրման վտանգով, բայց չեն ցանկանում աշխարհագրական սահմանափակումներ դնել կամ Ուկրաինայի ձեռքերը շատ կապել։