Հայաստանի բռնցքամարտիկ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովն առաջին մեդալն ապահովեց Հայաստանի հավաքականի համար Երեւանում ընթացող Եվրոպայի տղամարդկանց առաջնությունում։
63,5 կգ քաշային մարզիկը քառորդ եզրափակիչ մրցամարտում 5:0 հաշվով հաղթեց չեխ Պետեր Նովակին եւ մտավ կիսաեզրափակիչ՝ նվազագույնը ապահավելով բրոնզե մեդալ։
Հաջորդը ռինգ կմտնեն 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը եւ գերծանր քաշային, աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը։
Երեկոյան մրցահերթում Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնի 4 բռնցքամարտիկ: 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանի մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Գուրուլին է, 86 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը կմրցի բելգիացի Վիկտոր Շելստրաետի հետ, 57 կգ քաշային Արթուր Բազեյանի մրցակիցը Թուրքիան ներկայացնող Բետուհան Սիտֆին է, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը կմենամարտի Հունաստանը ներկայացնող Վահագն Նանիձյանի հետ:
Թարմացում․ Հայաստանի բռնցքամարտիկներ Համբարձում Հակոբյանը եւ Դավիթ Չալոյանը չկարողացան հաղթահարել Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ արգելքը եւ դուրս մնացին պայքարից։
80 կգ քաշային Հակոբյանը 5։0 միավորով պարտվեց խորվաթ Լուկա Պլանտիչին։
Դավիթ Չալոյանը իսպանացի Այուբ Էլ Այսուի հետ մրցամարտի առաջին ռաունդում երկու անգամ հայտնվեց նոկդաունում, եւ ռինգի մրցավարը դադարեցրեց մարտն ու տեխնիկական հաղթանակ շնորհեց մրցակցին։