Երեկ ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Իշխան Սաղաթելյանը, հետպատերազմյան մեր անհուսությունը նկարագրելիս վարչապետին կծել է հետեւյալ խոսքով՝ չէի՞ր երազի, որ հիմա քո առաջ մի հատ մադրիդյան փաստաթուղթ դրված լիներ։ Այսինքն՝ մադրիդյան փաստաթուղթը հենց այն էր, որի ժամանակ մենք ե՛ւ Արցախ ունեինք, ե՛ւ գրավյալ տարածքներ, ե՛ւ Շուշի ու նաեւ մայիսի 9։ Իսկ հիմա դրանցից ոչ մեկը չունենք։
Բայց ինչո՞ւ պետք է Փաշինյանը երազեր մադրիդյան փաստաթուղթ, ասենք, այսօրվա վիճակի փոխարեն։ Այսինքն՝ որպես ի՞նչ երազի, որ հարցը էլի քնեցնի՞։ Դուք՝ նախկիններդ, կերազեի՞ք, որ ձեր առաջ կրկին մադրիդյան փաստաթուղթ դրվեր։ Ասենք, եղել է այդ փաստաթուղթը ձեր առաջ։ Եվ ի՞նչ։ Էդ ժամանակ վիճակը լա՞վ էր։ Էդ վիճակը էս օրը չէ՞ր հասունացնում։ Հասունացնում էր, որովհետեւ փաստաթուղթը նրա համար չէ, որ դուք ստանաք առավելագույնը, ինչն ուզում էիք անել, այսպես ասած, բոբիկ մտքով ու բանակով, փաստաթուղթը նրա համար է, որ իրատեսությունը հաղթի թղթի վրա եւ կյանքում։
Ցանկացած փաստաթուղթ իմաստ ունի, եթե նրա քննարկումն ինտենսիվ է, ու ինչ-որ լուծում է տրվում, ոչ թե քննարկում, քննարկում եք էն հույսով, թե՝ օրը կգա, բարին` հետը։ Էս ասվածքը՝ օրը կգա, բարին` հետը, ոչ մի քննարկում չի ենթադրում։ Էս ասվածքը ենթադրում է, որ դուք վաղվա պլան չունեք։ Էս ասվածքը ենթադրում է, որ ձեր պլաններում պետություն էլ չկա։ Դրա համար ոչ միայն մադրիդյան փաստաթուղթը չաշխատեց, նույնիսկ ամենալավ, ամենահեքիաթային կամ ամենավատ, ամենահրեշավոր փաստաթուղթն էլ չէր աշխատի։ Որովհետեւ ձեր առաջ խնդիր չէիք դրել հարցը լուծելու։ Իսկ խնդիր չէիք դրել, որովհետեւ բացարձակապես մոռացել էիք պատերազմի մասին կամ պատերազմի մասին մտածում էիք անվերապահ հաղթողի դիրքից։
Դավիթ Տոնոյանի կարգախոսը մեր հավկուրության վերջին բաստիոնն էր՝ նոր պատերազմ, նոր տարածքներ։ Ադրբեջանը ստացավ ե’ւ պատերազմ, ե’ւ տարածքներ։
Ադրբեջանն աղոթում էր, որ հանկարծ դուք չկորցնեք ձեր «զգոնությունը» եւ չհամաձայնեք հակամարտության խաղաղ լուծման, որովհետեւ եթե համաձայնեիք, ինքն այսօրվա պայմաններում չէր լինի։ «Բարեբախտաբար» դուք զբաղված էիք իշխանություն պահելով, եւ Ադրբեջանը ստացավ ոչ միայն ամբողջը, դեռ մի բան էլ ավելի։
Ձեզ խորհուրդ, ոչ մի փաստաթուղթ էլ մի’ երազեք, որովհետեւ երազող էիք, երազեիք էնպիսի փաստաթուղթ, որը ձեր կամ մեր հագով էր։ Դուք՝ նախկիններդ, երազելուց վատ եք։ Որովհետեւ ինչ երազում եք, վերջում ստացվում է իշխանություն։ Թեկուզ՝ առանց պետության։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: