ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով մայիսի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հնչեցրած հայտարարություններին:
Բաքուն թելադրում է օրակարգը՝ ելնելով պատերազմի արդյունքներից. Ալիեւ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախօրեին մասնավորապես հայտարարել է, թե Հայաստանը համաձայնել է հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի օրակարգին, որտեղ Ղարաբաղի կարգավիճակի մասին ոչ մի խոսք չկա։ «Մենք ենք թելադրում օրակարգը: Ինչո՞ւ: Ելնելով պատերազմի արդյունքներից։ Մենք հաղթանակած պետություն ենք, Հայաստանը պարտված պետություն է»,- ասել է Իլհամ Ալիեւը:
Նա հղում է արել Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը բրյուսելյան վերջին հանդիպման մասին եւ ընդգծել, որ միջազգային կառույցների բառապաշարում «Լեռնային Ղարաբաղ» եզրույթ չկա, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն, ըստ Ադրբեջանի նախագահի, լուծված է: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վարչական տարածքին, Ալիեւը պնդել է, թե այդ տարածքն Ադրբեջանի տարածքում գոյություն չունի։
«Ճիշտ է, Հայաստանը հերթական անգամ բարձրացրել է այդ հարցը եւ, ինչպես ասում են, գլուխները պատին են խփում, բայց սա է իրականությունը, եւ պետք է հաշտվել դրա հետ»,- ընդգծել է Ալիեւը:
Ուժի կիրառման դիրքերից հանդես գալն արհամարհանք է միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ
ՀՀ ԱԳՆ-ն շեշտել է, որ Ալիեւի հնչեցրած հայտարարությունները եւս մեկ անգամ վկայում են ադրբեջանական կողմի ապակառուցողականության, պայմանավորվածությունների կամայական` իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունների, ագրեսիվ եւ ռազմատենչ քաղաքականությունը շարունակելու մասին։
«Հարեւան պետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները, այդ նպատակներին հասնելու համար ուժի կիրառման դիրքերից հանդես գալը ոչ այլ ինչ են, քան արհամարհանք միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ, եւ լրջագույն կասկածի տակ են դնում Ադրբեջանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու մտադրությունների անկեղծությունը»,-մասնավորապես նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։
ՀՀ ԱԳՆ-ն իր հայտարարությունում հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ 1995 թվականին ստացած միջազգային մանդատը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանը, շարունակում է գոյություն ունենալ:
Բանակցությունները պիտի տեղի ունենան երկու կողմերի առաջարկների հիման վրա
«Ադրբեջանական կողմի շահարկումներով փորձ է արվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ներկայացնել որպես տարածքային վեճ, մինչդեռ այն արցախահայության իրավունքների իրացման եւ էթնիկ զտումների վտանգի բացառման մասին է»,- ասված է հայտարարությունում։
ՀՀ ԱԳՆ-ն, վերահաստատելով հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումը, նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները պիտի տեղի ունենան երկու կողմերի առաջարկների հիման վրա: ՀՀ ԱԳՆ-ն շեշտել է, որ այդ առաջարկները պետք է հասցեագրեն խնդիրների ամբողջ օրակարգը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական կարգավորումը։
«Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը ռազմատենչ եւ առավելապաշտական հռետորաբանությամբ չտորպեդահարել առկա ձեւաչափերում ընթացող քննարկումները: Միեւնույն ժամանակ, միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին եւ ակնկալում միջազգային գործընկերների միանշանակ վերաբերմունքի արտահայտումը, ինչի պարագայում միայն հնարավոր կլինի հասնել կայունության եւ խաղաղության Հարավային Կովկասում»,- նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։