Առաջին անգամ Հայաստանում անցկացվում է «EVN Report» մեդիա փառատոնը: «Հայարտ» մշակութային կենտրոնում եռօրյա փառատոնը համախմբել է 20-ից ավելի տեղական եւ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների` ընդգծելու հավաքական հիշողության եւ փորձառությունների արձանագրման գործում լրագրողների առանցքային դերը։
«EVN report» առցանց վերլուծական, լրատվական հարթակի նախաձեռնած փառատոնը ներառում է պանելային քննարկումներ, զրույցներ, աշխատարաններ, պորտֆոլիոների խորհրդատվություններ, ցուցահանդեսներ եւ ֆիլմերի ցուցադրություններ, որոնք ընդգրկում են մի շարք թեմաներ՝ պատերազմից մինչեւ քաղաքականություն: Կազմակերպիչները ոգեշնչվել են The New Yorker festival-ից։
Մայիսի 27-29–ին անցկացվող միջոցառումների ընթացքում մասնակիցները առիթ կունենան շփվելու լրագրողների, խմբագիրների հետ, վերարժեւորելու հավաստի եւ վստահելի նորությունների ու տեղեկատվության կարեւորությունը:
«Պանելային քննարկումները հնարավորություն կտան հասկանալու՝ ինչ դեր ունի մեդիան քաղաքական նարատիվը ձեւավորելու մեջ, պատերազմից երկու տարի անց կփորձենք հասկանալ՝ որտեղ սխալվեցինք, ավելին՝ ինչ կարող էինք անել։ Մենք պատերազմ էինք լուսաբանում՝ չիմանալով՝ ինչ ենք անում, վատ էր, թե լավ: Այս առումով աշխատանոցները, թեեւ ոչ սպառիչ, բայց կօգնեն հասկանալու մանրուքները»,- ասում է EVN Report-ի համակարգող խմբագիր Ռուբինա Մարկոսեանը։
Փորձի փոխանակումը դրսից ժամանած լրագրողների հետ կօգնի դուրս գալ հայկական մեդիա դաշտի պարփակված վիճակից։ Մեր մեդիան պետք է աշխարհի հետ երկխոսելու միջոցներ ու ձեւեր գտնի։ Սա կոմունիկացիայի, հնարավորությունները հղկելու, շտկելու եւ մասնագիտանալու փորձ է նաեւ։ Փառատոնի շնորհիվ կստեղծվեն կապեր եւ փոխհարաբերություններ, համագործակցության հարթակներ, կընդգծվի լրագրողական խոսույթի մշակույթի կարեւորությունը։
«Հայկական, նաեւ աշխարհի մասշտաբով մեդիայի համար հիմա անցումային շրջան է, առհասարակ անհրաժեշտ է եւս մեկ անգամ շեշտել մեդիայի իրական արժեքի կարեւորությունն այս բացասական, ապատեղեկատվական, «ֆեյք» լուրերի հոսքի մեջ։ Կան որակյալ լրատվություն ապահովող լրատվականներ, որոնց աշխատանքն անգնահատելի է, որը, սակայն, պարզապես կորչում է մասշտաբների հոսքի մեջ»: Այս առումով, Ռուբինա Մարկոսեանի կարծիքով, մեդիան պետք է սկսի ինքն իր հետ խոսել, գնահատել, իսկ մեդիայի առողջ տարրերը պետք է սկսեն իրար հետ երկխոսել, միմյանց աջակցել, այս փառատոնն էլ, ըստ էության, երկխոսության հարթակ է։
Փառատոնը միտված է նաեւ վերականգնելու մեդիայի բարի համբավը, հիշեցնելու իր ազնվական ակունքների մասին, այն մասին, որ մեդիան միշտ չէ, որ հրամցնում էր «ֆեյք» լուրեր, այն էլ նման մեծ չափաբաժնով։ Մենք ունենք մե՛զ հատուկ խնդիրներ, որոնք երբեմն մասնագիտական պատասխանատվությամբ չենք լուսաբանում։ Մեզ մոտ պետք է այդ պատասխանատվության ու մասնագիտական էթիկայի մակարդակը համաչափ բարձրացվի, կարծում են կազմակերպիչները։
«Եթե որակյալ մեդիաներն ավելանան, անորակների թիվը կնվազի, պետք է սկսել գոնե քանակապես հավասարվել, պետք է մեդիան բարձրացնել եւ բերել այն մակարդակի, ինչպիսին ուզում ենք տեսնել հայկական մեդիա դաշտը»,- ասում է փառատոնի համակարգող խմբագիրը։
Փառատոնի բացման արարողությանը զուգընթաց վեց լուսանկարչական ցուցահանդես բացվեց։ «Հայարտի» երկրորդ հարկում տեսանյութի, ավելի ճիշտ՝ հիշարժան կադրերի միջոցով ներկաները վերհիշեցին Հայաստանի պատմությունը՝ ղարաբաղյան շարժումից մինչեւ մեր օրեր։ Սկսած 1988 թվականի Արցախյան շարժումից, Սպիտակի երկրաշարժից, անկախության հռչակումից եւ Խորհրդային Միության փլուզումից մինչեւ 2020 թվականի Արցախյան պատերազմը լրագրողներն ու ֆոտոլրագրողները, տեսանկարահանողներն արձանագրել են մեր ազգի պատմությունը։ Հեղինակը՝ անկախ վավերագրող Արեգ Կոզմոյանն էլ հիշարժան կադրերը վերածել է տեսանյութի՝ անվանելով այն «Պատմությունը շարժման մեջ»։
Լրագրողների զրահաբաճկոնների եւ սաղավարտների այս ինստալյացիան լրագրողի «տառապանքի բեռի» հիշեցումն է։ «EVN report»-ի անձնակազմն է ինստալյացիայի հեղինակը։ Երբ բնական աղետների, հակամարտությունների, պատերազմների ժամանակ կառչում ենք էկրաններից՝ սպասելով նորությունների, տեսանյութերի, հաճախ մոռանում ենք, որ հենց լրագրողները, օպերատորներն են կարեւոր պատմություններ ու պատկերներ ցուցադրելու համար վտանգում իրենց կյանքը։
Ինչպես 44-օրյա պատերազմում, հիմա էլ Ուկրաինայում լրագրողներ են վիրավորվում, թիրախավորվում ու զոհվում։ Դա է լրատվության գինը։
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։