Օրերս տեղի ունեցավ «Իրավապաշտպանների իրավունքներն ու Հայաստանի հանձնառությունները» խորագրով համաժողովը։ Այն կազմակերպել էր Մարդու իրավունքների տուն Երեւանը (ՄԻՏ Երեւան)։ Ներկա էին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ Երեւանից ու մարզերից։ Ներկայացվեց իրավապաշտպանների պաշտպանությանը, աջակցմանն ու հզորացմանն ուղղված ՄԻՏ Երեւանի գործունեությունը։ Հատուկ անդրադարձ արվեց վերջին տարիներին իրավապաշտպանների դեմ ոտնձգությունների, խտրականացման ու խարանավորման դեպքերին, իրավապաշտպանների իրավունքների եւ օրինական շահերի ոտնահարումներին։ Ընդգծվեցին իրավապաշտպաններին հանրային աջակցություն տրամադրելու կարեւորությունն ու հանրային պատասխանատուների թերացումները։
Անդրադարձ արվեց նաեւ հանրային մասնակցության դեմ ռազմավարական դատավարությունների (SLAPP) հիմնախնդրին, երբ իրավապաշտպանների դեմ անհիմն քաղաքացիական հայցեր եւ քրեական արարքներ կատարելու վերաբերյալ հաղորդումներ են ներկայացվում, որոնց նպատակն է իրավապաշտպաններին լռեցնելը, հիմնական գործունեությունից շեղելը։
Այդօրինակ դատավարությունները մեծ տարածում ունեն ամբողջ աշխարհում։ Հայաստանում դրանց զոհ են հատկապես բնապահպան ակտիվիստները։ Ֆինանսական ու մարդկային մեծ ռեսուրսներ ունեցող «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունն, օրինակ՝ տասնյակ հայցերով փորձում է լռեցնել ոչ միայն բնապահպան ակտիվիստներին, այլեւ իրենց իրավունքների ու օրինական շահերի համար պայքարի դուրս եկած տեղի համայնքի բնակիչներին։
Առանձին քննարկման առարկա էր նաեւ ծանր վիրավորանքի քրեականացման խնդիրը՝ հատկապես հարուցված քրեական գործերի վիճակագրության վերլուծության համատեքստում արձանագրված բացասական միտումների առումով։
Համաժողովի երկրորդ մասում քնարկվեց իրավապաշտպանների պաշտպանության եւ աջակցության ուղղությամբ միջազգային մեխանիզմների (մասնավորապես՝ ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկում) շրջանակում Հայաստանին տրված հանձնարարականները, Հայաստանի ստանձնած պարտավորություններն ու դրանց կատարման ընթացքը։