ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Ռուսաստանի վրա Եվրոպայի հետագա պատժամիջոցային ճնշումը:
Բորելը հայտարարել է, որ ԵՄ անդամ երկրներն առաջիկա գագաթնաժողովում կքննարկեն Ուկրաինայից գյուղատնտեսական արտադրանքի արտահանմանն առնչվող խնդիրները:
Ըստ ԵՄ-ի խորհրդում նախագահող Ֆրանսիայի պատվիրակության հաղորդագրության՝ Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչները եւս մայիսի 30-ին ԵՄ-ի գագաթնաժողովից առաջ քննարկում են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի համաձայնեցումը:
Եվրամիության ղեկավար Շառլ Միշելն ավելի վաղ հայտարարել էր, թե հուսով է, որ հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը մինչեւ մայիսի վերջը կհամաձայնեցվի: Ավելի վաղ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ որեւէ երաշխիք չկա, թե Եվրամիությունն ի վիճակի կլինի համաձայնեցնելու Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը: Նա շեշտել էր, որ դիվանագիտական փակուղու պատճառը ԵՄ անդամ որոշ պետությունների չափազանց կոշտ դիրքորոշումն է։
ԵՄ-ի գագաթնաժողովը կանցկացվի Բրյուսելում մայիսի 30-31-ին, այն հիմնականում նվիրված է լինելու Ուկրաինային: