Մեր մշակույթում պատմական շրջադարձերի մեջ մտնելը չկա: Պատմական շրջադարձերը վերաբերում են մեզ, բայց մենք դրանց չենք վերաբերում։ Մենք դրանց բախվում ենք, հետո հայտնաբերում, որ առաջին անգամ չենք հայտնվում այդպիսի շրջադարձերում:
Բացում ենք Չարենց, տեսնում ենք՝ նա գրել է էդ մասին «Երկիր Նաիրի»-ում, բացում ենք Մաթեւոսյան, տեսնում ենք, որ նա էդ մասին գրել է «Մեծամոր»-ում, բացում ենք Վանո Սիրադեղյան, տեսնում ենք, որ էդ մասին գրել է… Ավետիս Հարությունյանը: Կարդում ենք Քաջազնունի, Լեո ու տեսնում ենք, թե ինչպես ենք խնամքով մեզ դարձրել ողորմելի:
Փավստոս Բուզանդն առանձնապես հիացմունքով չի խոսում Պապ թագավորի մասին, բայց նրան կարդալն էլ չէր խանգարի։
Պատմական շրջադարձերի համար մենք ունենք տեղանուններ` Կարս, Ալեքսանդրապոլ կամ 11-րդ բանակ: Բայց այդպես էլ չենք հասկանում, թե ինչն է խնդիրը: Խնդիրն այն է, որ մենք պատմական շրջադարձեր չունենք, քանզի ամեն այդպիսի մի շրջադարձ Շագրենի կաշվի նման մեզնից կտրում է ինչ-որ բան: Մենք այդ կտորի հետ փակում ենք պատմության ինչ-որ էջ:
Մեզ համար պատմական շրջադարձերն անդառնալի են: Նրանք, ովքեր արձանագրում են այդ շրջադարձը (Չարենց, Լեո, Մաթեւոսյան), նույնպես չկան, ինչպես չկան Վանը, Կարսը, Անին, Շուշին: Մենք չենք իմաստավորում, այլ փակում ենք էջը: Իմաստավորել նշանակում է պատմությունը փոքրացնել քեզնից, փակել այն, նշանակում է ընդունել պատմության անհաղթահարելիությունը:
Իսկ ինչո՞ւ չենք իմաստավորում, երբ արդեն իսկ իմաստավորված է։ Այսինքն՝ ինչո՞ւ «Երկիր Նաիրին» առաջ չի ընկնում իրադարձություններից, որպեսզի թույլ չտանք, որ իրադարձությունը կրկնվի։ Պատճառը պարզ է՝ ցանկացած մարտահրավերի համար մենք ունենք մի անկյուն, ուր կարող ենք փախչել։ Մենք պարարտացել ենք սարոյանական այն ընկալմամբ, թե հայն անկործան է, քանի որ աշխարհի որեւէ անկյունում հաստատ երկու հայ իրար կհանդիպեն։
Ի՞նչ է նշանակում արտագաղթել։ Դա նշանակում է գնալ ու ապրել ուրիշի խաղաղությամբ, գնալ ու տեղավորվել Ռուսաստանի խաղաղության մեջ, Ուկրաինայի խաղաղության մեջ, Ֆրանսիայի խաղաղության մեջ, Ամերիկայի խաղաղության մեջ, մեր սեփական խաղաղությունը մեզ համար մրցունակ չէ։ Որովհետեւ մեր խաղաղության հեղինակը մենք չենք։
Սարդարապատում փորձեցինք հեղինակել, գտնվեցին հայեր, որոնք այդ խաղաղությունը տարան ու տվեցին ռուսներին, որոնք Հայաստանը ձեւեցին ըստ ապագա պատերազմների։ Ղարաբաղյան ճակատում փորձեցինք հեղինակել, տարանք ու տվեցինք ստրուկներին, իսկ մենք փախանք այդ երկրից։ Արդյունքը եղավ 44-օրյա պատերազմը։
Ի՞նչ անել այս պարտության հետ, որի հեղինակը մենք ենք։ Ստեղծել մրցունակ խաղաղություն։ Իսկ ինչպե՞ս։ Կրկին կարդալ այն, ինչն արդեն գրվել է։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: