Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին եւ հայ-ադրբեջանական սահմանային հանձնաժողովի ձեւավորմանը:
«Գոհ ենք Ադրբեջանի ու Հայաստանի ձեռնարկած քայլերից, որոնք ուղղված են նրանց միջեւ խնդիրների անմիջական լուծմանը: Թուրքիան աջակցում է սահմանային խնդիրների կարգավորմանը, խաղաղության պայմանագրի կնքմանը եւ տրանսպորտային միջանցքների բացմանն ուղղված կողմերի ջանքերին»,-շեշտել է Էրդողանը։
Ըստ Թուրքիայի նախագահի՝ Անկարայի համար գոհացուցիչ է, որ մայիսի 24-ին տեղի է ունեցել հայ-ադրբբեջանական սահմանային հանձնաժողովի առաջին նիստը։ Էրդողանը հավելել է, որ Թուրքիան նույնպես անկեղծաբար շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը
«Որպես տարածաշրջանի ժողովուրդներ՝ պետք է միասին կառուցենք ապագան: Ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության ժամանակ Թուրքիան Ադրբեջանի կողքին է: Թուրքիան լիակատար աջակցում է այն մնայուն խաղաղությանը, որն Ալիեւը ցանկանում է հաստատել Հայաստանի հետ»,- ընդծել է Էրդողանը: