ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունից հայտնել են, որ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում երեկ մեկնարկել է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:
Առաջինը մրցահարթակ է դուրս եկել եւ մեդալների համար պայքարել Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Իզաբելա Յայլյանը: Երկամարտի 197 կգ արդյունքով (90 կգ + 107 կգ) Յայլյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Հայաստանը Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում ներկայացուցիչներ կունենա նաեւ հունիսի 1-ին: Այդ օրը մրցահարթակ դուրս կգան 81 կգ քաշայիններ Ռաֆիկ Հարությունյանը եւ Կարեն Մարգարյանը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում մրցավայր է մեկնել եւս 8 ծանրորդ՝ Անդրանիկ Կարապետյանը, Վարդան Մանուկյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Արա Աղանյանը, Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը եւ Գոռ Մինասյանը (+109 կգ):
Կանանց հավաքականի կազմում էլ եւս 2 մարզուհի է ընդգրկված՝ Տաթեւ Հակոբյանը (76 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):
Առաջնության մեկնարկի նախօրեին տեղի ունեցած Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի համաժողովում ելույթով հանդես եկած Հայաստանի ԿԳՄՍՆ ներկայացուցիչ, միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը ներկայացրել է Երեւանում 2023-ին անցկացվելիք Եվրոպայի առաջնության մրցավայրի հնարավորությունները: