Բրյուսելում մայիսի 30-ին մեկնարկող ԵՄ գագաթնաժողովից առաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հայտարարել է, թե քիչ հավանական է, որ առաջիկա 48 ժամերին ԵՄ անդամները կարողանան ընդհանուր հայտարարի գալ Ռուսաստանում արդյունահանված նավթի ներկրման արգելքի շուրջ: Նա ընդգծել է, որ բանակցությունները շարունակվում են, եւ տարաձայնություններն առայժմ հաղթահարված չեն։
Եվրահանձնաժողովի ղեկավարը, դիմելով ԵՄ անդամ բոլոր երկրների ղեկավարներին, շեշտել է, թե գլխավոր նպատակները պետք է լինեն համերաշխությունն Ուկրաինայի հետ եւ ԵՄ միասնությունը»:
ԵՄ երկրները չեն կարողացել համաձայնության հասնել ռուսական նավթի նկատմամբ էմբարգոյի սահմանման հարցում: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը եւս հաստատել է, որ ռուսական նավթի էմբարգոյի հարցում առայժմ որեւէ փոխզիջում չի նշմարվում։
Եվրամիության երկրները բանակցում էին, որ մինչեւ այս տարվա վերջը էմբարգո սահմանվի ծովով՝ տանկերներով ստացվող ռուսական նավթի նկատմամբ, իսկ Հունգարիան, Չեխիան ու Սլովակիան շարունակեն ստանալ ռուսական նավթը 4 հազար կիլոմետրանոց «Դրուժբա» նավթամուղի միջոցով, որն ուղղվում է այդ երկրների նավթավերամշակման գործարաններ։
Ի սկզբանե Հունգարիան կողմ էր այս տարբերակին, սակայն հետո նոր զիջումներ է պահանջել Եվրամիությունից, եւ չի հաջողվել համաձայնության հասնել։
Ռուսաստանը նախորդ տարի «Դրուժբա»-ով օրական Եվրամիություն է արտահանել 720 հազար բարել նավթ, իսկ ծովով՝ ավելի քան երկու անգամ շատ՝ գրեթե 1,6 միլիոն բարել։